Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ՝ ՔՊ-ի ու ընդդիմադիրների միջեւ. «Եռաբլուրը ձե՛ր մեղքն է, ձեր եւ նախկին իշխանությունների, որոնք քանդել են երկիրը»

Հունվար 25,2022 12:24

Երեկվանից ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվում է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը:

ՔՊ-ականները ամոթանք տվեցին ընդդիմությանը, որ այսպիսի թեկնածու է ներկայացրել: Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց. «Չեք կարողանում հաղթահարել՝ «բա դուք, բա նախկինները»: Դա դեռ երկար լսելու ենք, կոմպլեքս է, որից դուրս գալ չեք կարողանում, դժվար էլ երբեւէ կարողանաք: Ընդդիմության անունից մի խոսեք, թե՝ ամաչում եք, չեք ամաչում: Ամաչելու տեղ դուք ունեք, այն 5000 երեխաների ծնողների դեմքին, որ նայում եք, այդ ժամանակ դուք ինքներդ պետք է որոշեք՝ ինչ աստիճանի ամաչեք, որովհետեւ այն պահին, երբ դուք կարող էիք պատերազմը կանգնեցնել, դա չեք արել: Դա արդեն դատավճիռ է»:

Թագուհի Ղազարյանը Ռուբիկ Հակոբյանին դիտողություն էր արել՝ ասելով. «Ի՞նչ է նշանակում՝ 25 տարին լրացած անձինք չեն կարող հեղինակություն վայելել: Կարող է այնպես պատահի, որ 80 տարեկանը լրացածն էլ հեղինակություն չվայելի: Դուք գիտե՞ք, որ Եղիշե Չարենցը «Երկիր Նաիրին» 25 տարեկանում է գրել, գիտե՞ք՝ այդ տարիքում արդեն գրե՞լ էր «Դանթեական առասպելը», «Կապուտաչյա հայրենիքը», «Խելագարված ամբոխները», բացե՞լ եք այդ ժամանակվա մամուլը, նա հեղինակություն վայելո՞ւմ էր մշակույթի ոլորտում, թե՞ չէ»:

Էլինար Վարդանյանն արձագանքեց. «Տիկին Ղազարյան, ես ձեր մեծամտությունից կուզենայի, որ այնքան համարձակություն ունենայի, որպեսզի կարողանայի Չարենցի ու Թումանյանի հետ համեմատություններ անել»:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՔՊ-ականներին բացատրեց Ռուբիկ Հակոբյանի խոսքի իմաստը. «Նա ասում էր, որ 25 տարեկանում մարդը հասցնում է բուհ ավարտել, ինչպե՞ս կարող է 3 տարվա աշխատանքային փորձ ձեռք բերել, մի հատ էլ՝ այդ ոլորտում հանրային հեղինակություն: Իսկ դուք հղում եք անում մեծությունների, որոնք բացառիկ են: Ես հասկանում եմ, որ արդեն դուք որոշումը կայացրել եք, բայց շատ կուզենայի, որ այդ որոշման հիմքում դրվի ոչ թե քաղաքական հայացքները, այլ՝ համոզմունքը մասնագիտական դաշտում ու համեմատությունը: Այն, ինչ դուք արեցիք շաբաթներ առաջ՝ ի դեմս մյուս թեկնածուների եւ այն, ինչ հիմա եք դուք անում: Այս ձեւով մենք առաջ չենք կարող գնալ: Մեր երկրի օրակարգը պահանջում է, որ իսկապես սթափվենք»:

Սիսակ Գաբրիելյան

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ Ռուբիկ Հակոբյանի ելույթը քաղաքական էր, նա գնահատականներ էր տալիս, հասավ Վարդենիսի քաղաքապետին. «Դուք ինձ չհամոզեցիք, որ քաղաքականապես կարող եք չեզոք լինել: Գուցե սկզբունքային է, բայց ՀՌՀ անդամի համար պետք է լինել չեզոք»:

Հանձնաժողովում վեճ սկսեց, երբ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց. «Ես կտրականապես չեմ ընդունում կապիտուլյանտ բառը, այդ բառն ասող մարդը չի կարողանում հասկանալ, որ կապիտուլյացիան եւ որոշակի օկուպացիան տարբեր բառեր են: Ես իրավունք ունեմ այդ բառից վիրավորվել: Նա, ով ինձ կապիտուլյանտ է կոչում, որովհետեւ ես այս իշխանության կողքին եմ կանգնած, պետք է բացատրի՝ ինչո՞վ եմ ես կապիտուլյանտ, երբ 3 անգամ պատրաստ եմ եղել մեռնել, գնացել եմ ռազմի դաշտ ու եկել եմ, ինձ դավաճան, կապիտուլյանտ են կոչում: Այդ բառերն ասելուց առաջ մի հատ մտածեք՝ դո՞ւք ինչ եք արել 30 տարվա մեջ այս երկրի համար, ինչ եք թողել: Շատ հեշտ է խոսել հայրենասիրությունից, հենց այնպես ասել մտքեր, որոնք քեզ չեն պատկանում, գերազանց սովորած բառեր են: Այն, ինչ դուք անում եք, դուք ուղղակի այսօր քանդում եք…»:

Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը միջամտեց. «Մենք ձեզ պետություն ու հայրենիք ենք տվել, դուք դավաճանել եք պետությանն էլ, հայրենիքն էլ»: Հակոբ Ասլանյանն առարկեց. «Դուք քանդել եք ամբողջությամբ, պետություն չեք տվել: Դո՞ւք եք պետություն տվել, ե՛ս եմ անցել այդ ամեն ինչի միջով»: Լիլիթ Գալստյանը հորդորեց գնալ Եռաբլուր. «Կհասկանաք ձեր եւ մեր ներդրումը»: Հակոբ Ասլանյանն էլ հակադարձեց, թե՝ «Եռաբլուրը ձեր մեղքն է, ձեր եւ նախկին իշխանությունների, որոնք քանդել են երկիրը, ռազմական տեսակետից, բարոյական տեսակետից, ամեն տեսակետից ոչնչացրեցիք»: Էլինար Վարդանյանը չդիմացավ ու միացավ վեճին. «2020-ի սեպտեմբերին իշխանությունը դուք էիք, Եռաբլուրը դարձել է մի ամբողջ քաղաք ձեր իշխանության օրոք: Ոչինչ մի ավելացրեք, դա բավարար է»:

«Ձեր մերժումը վերածվել է ուրացումի, դուք մի ամբողջ հայրենիք եք ուրանում»,- բղավեց Լիլիթ Գալստյանը:

Սիսակ Գաբրիելյանն էլ արձագանքեց, որ հասարակությունը դրա պատասխանը ընտրություններին շատ լավ տվել է՝ ով է կապիտուլյանտ, ով է դավաճան. «Խնդրում եմ, տիկին Գալստյան, որ ամեն անգամ ասում եք, 5000 գոնե մի ասեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31