«Քաղբանտարկյալ եզրույթն իր մեջ արդեն իսկ ամփոփում է խնդրի էությունը։ ԵԽԽՎ բանաձեւերով դա ամրագրված է։ Այն փաստը, որ փաստաբանն ասում է՝ խափանման միջոցը փոխեք, սա, կներեք, ոչ թե քաղբանտարկյալի մասին է, այլ իրավական վեճի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Հիշեցնենք՝ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը երեկ ասել էր, որ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան, ընդդիմությունն էլ պնդել է, որ քաղբանտարկյալներ են, օրինակ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ու Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանը։
«ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու այլեւս»,-պնդեց Վահագն Հովակիմյանը։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր` Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ կալանավորումների վերաբերյալ ընդդիմության մեկնաբանությունները միշտ նույնական են․ «Դրանք կամ որակվում են որպես քաղաքական հետապնդումներ, կամ պարզվում է, որ կալանավորվածն ինչ-որ առողջական խնդիրներ ունի, եւ այդ հիմքով են բողոքները ներկայացվում։ Սրանք քաղաքական գնահատականներ են։ Այսօրվա ընդդիմության օրոք են ՀՀ-ում եղել քաղբանտարկյալներ, եւ այդ փաստն արձանագրվել է նաեւ միջազգային ատյաններում, եվրոպական դատարաններում։ Նրանց փաստաբանները չեն հերքում մեղադրանքները, այլ խոսք է գնում խափանման միջոցը փոխելու մասին»։
Կարդացեք նաև
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմության պնդումները մերկապարանոց քաղաքական հայտարարություններ են։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ