Երեկվանից ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվում է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը:
ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը խոսեց Ռուբիկ Հակոբյանի արտահայտությունների մասին ու դիմեց նրան առաջադրած պատգամավորներին. «Մեր հնադարյա ու բազմաչարչար ժողովրդի մասին, ում սիրուց տոգորվում եք առավոտից երեկո, նա ասում է՝ «խառնամբոխ»: Էլ չեմ ասում այն բառերի մասին, որոնց դիմաց բառարանում գրված է գռհ., ինչը նշանակում է գռեհկաբանություն: Ես չեմ հավատում, պարոն Հակոբյան, որ դուք դեմ եք հանրային խոսքում գռեհկաբանությանը»:
Հետո նա անդրադարձավ լրագրող Վահե Մակարյանի հետ միջադեպին, երբ Հակոբյանն ասել էր՝ «տղամարդիկ մեզ կհասկանան»: Թագուհի Ղազարյանը մատնանշեց նաեւ Ռուբիկ Հակոբյանի մեկ այլ արտահայտություն. «Ի՞նչ է նշանակում՝ 25 տարին լրացած անձինք չեն կարող հեղինակություն վայելել: Կարող է այնպես պատահի, որ 80 տարեկանը լրացածն էլ հեղինակություն չվայելի: Դուք գիտե՞ք, որ Եղիշե Չարենցը «Երկիր Նաիրին» 25 տարեկանում է գրել, գիտե՞ք՝ այդ տարիքում արդեն գրե՞լ էր «Դանթեական առասպելը», «Կապուտաչյա հայրենիքը», «Խելագարված ամբոխները», բացե՞լ եք այդ ժամանակվա մամուլը, նա հեղինակություն վայելո՞ւմ էր մշակույթի ոլորտում, թե՞ չէ: Հորդորում եմ բացել Պոլսի մամուլը, տեսնել՝ 19-ամյա Դուրյանը հեղինակություն վայելո՞ւմ էր, թե՞ չէր վայելում, Թումանյանը, որ «Շունն ու կատուն» էր հեղինակել 17 տարեկանում, հեղինակություն վայելո՞ւմ էր: Մարդկանց անընդհատ իրենց երիտասարդ տարիքն ու իգական սեռը հիշեցնելով դոմինանտություն հաստատելու ձեր ձախորդ փորձերը ճչում են, որ դուք չեք կարող պահպանել խտրականության արգելքի մասին պահանջը, ինքներդ եք խտրականություն տարածում»:
Կարդացեք նաև
Ղազարյանի համար տարակուսելի էր նաեւ, որ Ռուբիկ Հակոբյանը մարտի 1-ը համեմատել է 44-օրյա պատերազմի հետ ու համեմատել նաեւ զոհերի թիվը. «Իհարկե, եթե Քոչարյանի գործունեությունը համեմատեք Ալիեւի հետ, կարող է վերջում պարզվել, որ Քոչարյանն ավելի քիչ հայ է սպանել, քան Ալիեւը: Ես առաջարկում եմ մյուս անգամ համեստություն չանել եւ համեմատել Թալեաթի հետ, գուցե այդպես ավելի դրական լույսի ներքո հնարավորություն ունենա հանդես գալու»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին հանձնաժողովի մթնոլորտը հիշեցրեց մանկական այն խաղը, թե «ով վերջինը կխփի» կամ «ով տակ կմնա». «Զբաղված եք մանկական «բա դու…բա դո՞ւ», երկիրը կործանվում է, դրա մասին մտածեք»:
Ինչ վերաբերում է Ռուբիկ Հակոբյանի օգտագործած «գռեհկաբանությանը», Լիլիթ Գալստյանը հիշեցրեց ՀՌՀ անդամի ՔՊ-ի թեկնածուի՝ Արթուր Մանուկյանի ու Յոժի կատարումը. «Շուրթերս չեմ պղծի ասեմ՝ երեք տառանոց կատարումը»: Բացի այդ, ՔՊ-ականները աչք են փակել Արթուր Մանուկյանի փաստաթղթային «կեղծիքի» վրա. «Դա՞ է ձեր քաղաքական բարոյականությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ