Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաժարականի հանգամանքների ամբողջական հրապարակայնացումը համարում ենք իշխանության՝ հանրության առաջ հաշվետվության պարտավորություն. «Հանուն Հանրապետության»

Հունվար 25,2022 11:21

Երեկ հրաժարական տվեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչպես երևում է հրաժարականի տեքստից, Նախագահն իր սահմանադրական կարգավիճակն անբավարար է համարում սեփական անձնական և քաղաքական ներուժը երկրի բարօրությանն առավելագույնս ծառայեցնելու համար։

Միևնույն ժամանակ Նախագահի հրաժարականն առաջ է բերում մի շարք չպարզաբանված հարցեր, ինչը մտահոգիչ է հատկապես Հանրապետության արտաքին քաղաքական բազմաբարդ իրավիճակի համատեքստում։

Մասնավորապես, հստակ չէ, թե ինչո՞վ է պայմանավորված Նախագահի հրաժարականը հենց այժմ, եւ որո՞նք են եղել այն խնդիրները, որ, ի վերջո, անհնարին են դարձրել Նախագահի հետագա պաշտոնավարումը։

Այս և նմանաբնույթ մի շարք այլ հարցերի անպատասխան մնալը կրկին անգամ ի ցույց կդնի Հայաստանի հետանկախական ողջ շրջանի քաղաքական համակարգին բնորոշ հանրային հաշվետվողականության բացակայությունը, երբ կարևորագույն որոշումներն ընդունվում են «մեկ գիշերում», իսկ հանրությունը կանգնեցվում է փաստի առաջ։ Սույնով արձանագրում ենք, որ իրավիճակը քիչ է փոխվել անգամ հեղափոխությունից հետո։

Միով բանիվ, պաշտոնավարման գրեթե չորս տարվա ընթացքում Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը Հանրապետության ներքին կայունությանն ու արտաքին մրցունակությանը նպաստելու համար։ Մասնավորապես, նշանակալից է եղել Նախագահի դերակատարումը 2018թ․-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների ժամանակ ներքաղաքական լարված իրավիճակը բռնությունից զերծ պահելու, իշխանության խաղաղ փոխանցմանը նպաստելու և արտաքին քաղաքական բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ։

Նախագահը որոշակի դերակատարում է ունեցել նաև պետական իշխանության ինստիտուտների ներդաշնակ աշխատանքը խթանելու հարցում՝ նպաստելով խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ քաղաքական պրակտիկայի սաղմնավորմանը։

Թերևս, սա այն առավելագույնն էր, որ ներկայիս կարգավիճակում կարող էր անել Նախագահը հեղափոխական և հետհեղափոխական Հայաստանում։

Ուստի, ամենայն հարգանքով վերաբերվելով Նախագահի այս քայլին՝ արժանին ենք մատուցում նրան՝ երկրի համար դժվարին շրջափուլում պետությանը բերած ծառայության համար։ Նախագահի հրաժարականից հետո խիստ կարևոր է համարժեք քաղաքական վերաբերմունք դրսևորել սահմանադրական այս կարևոր ինստիտուտի նկատմամբ։

Մասնավորապես, Նախագահի նոր թեկնածուն պետք է ունենա հանրային և քաղաքական այնպիսի հեղինակություն, որ ունակ լինի հասարակությանը և քաղաքական համակարգին տանել իրական հաշտեցման և իր նպաստը բերել այս անցումային փուլում՝ նախքան սահմանադրական փոփոխությունները, համազգային ներուժի համախմբմանը և ներքին ու արտաքին մարտահրավերների ու վտանգների, մեր ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքների դիմագրավմանը։

Նոր Նախագահի և քաղաքական մեծամասնության միջև հարաբերությունները պետք է լինեն հնարավորինս ներդաշնակ՝ միտված երկրի ներսում հեղափոխության օրակարգի սպասարկմանը, իսկ արտաքին ճակատում՝ պետության ինքնիշխանության և անվտանգության առավելագույն պաշտպանությանը։ Գործող խորհրդարանական կառավարման համակարգում Նախագահի գործառույթները նշյալ ուղղություններով ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դիտարկել, նախքան համալիր սահմանադրական փոփոխություններ իրականացնելը՝ Ազգային Ժողովի կողմից Նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակի փոփոխության հարցը, ինչը թույլ կտա Նախագահին իր սահմանադրական կարգավիճակին համազոր լիազորություններ և համարժեք պատասխանատվություն ունենալ։

Անկախ այլևայլ շահերից և տարաձայնություններից՝ ներքին և արտաքին բարդագույն այս իրավիճակում կոչ ենք անում պետական բոլոր ինստիտուտներին ու քաղաքական բոլոր սուբյեկտներին առաջնորդվել բացառապես պետական և հանրային գերակա շահերով` միանշանակորեն ընդունելով, որ Նախագահի ինստիտուտն այստեղ պետք է ունենա իր ուրույն դերն ու նշանակությունը։

Հրաժարականի հանգամանքների ամբողջական հրապարակայնացումը համարում ենք իշխանության՝ հանրության առաջ հաշվետվության պարտավորություն, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից, ժողովրդավարության արժեքներից եւ սկզբունքներից։ Այդ հանգամանքներն ի հայտ գալուց Կուսակցությունն իր դիրքորոշմամբ հանդես կգա առանձին հայտարարությամբ։

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31