Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաժարականի հնարավոր պատճառները

Հունվար 25,2022 10:00

Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել տարբեր ոչ քաղաքական հանգամանքներով՝ անձնական, առողջական, ընտանեկան եւ այլն: Լուրջ վերլուծության ժամանակ դրանք կարելի է մի կողմ դնել՝ սուրճի բաժակ չնայելու եւ հնարավոր բամբասանքներին տուրք չտալու համար:

Ի դեպ, իր հրաժարականի տեքստում նախկին նախագահը բողոքում է իր անվան հետ կապված «դավադրության զանազան տեսություններից ու միֆերից»՝ նշելով, որ այդ հարձակումները «դուրս են գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա»: Ճիշտն ասած, այստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում. ցանկացած մարդ, որը համաձայն է զբաղեցնել բարձր պետական պաշտոն, պետք է պատրաստ լինի նման հարձակումների եւ կարողանա դրանց նայել «կողքից»՝ առանց հույզերի:

Դավադրությունների տեսությունների գիրկը չընկնելու համար, կարծում եմ, կարելի է «արանքից հանել» այն վարկածը, թե իբր Արմեն Սարգսյանը «արեւմտամետ էր», եւ քանի որ ներկայիս կառավարությունը գնալով ավելի ու ավելի «ռուսամետ» է դառնում (ստիպված), դա կարող էր հակասությունների աղբյուր դառնալ: Տեղեկացված մարդիկ գիտեն՝ նա ռուսաստանյան «գազանավթային» վերնախավի հետ ուներ շատ լավ հարաբերություններ՝ պայմանավորված իր նախկին բիզնես գործունեությամբ:

Այսպիսով, շրջանցելով բոլոր անձնական եւ դավադրապաշտական հատվածները ու կենտրոնանալով զուտ քաղաքականության վրա, կարող ենք առանձնացնել երկու հնարավոր բացատրություն՝ ներքին եւ արտաքին: Առաջինն այն է, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսել է անցկացնել այս իշխանությունը, իրականում կոչված են վերադարձնել նախագահական կամ կիսանախագահական համակարգը, որպեսզի որոշ ժամանակ անց Փաշինյանը 5-10 տարով դառնա նախագահ՝ թագավորական լիազորություններով: Իմ, սովորական քաղաքացու տեսանկյունից, դա ինչ-որ «շրջադարձային» քայլ չէ՝ վարչապետի լիազորությունները հիմա էլ են «դե-ֆակտո» թագավորական, եւ ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ է գրված կամ ինչ է գրվելու թղթի վրա: Բայց Արմեն Սարգսյանին այդ գործընթացը կարող էր դուր չգալ եւ դառնալ Փաշինյանի հետ հակասությունների աղբյուր:

Երկրորդ պատճառը արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի սպասվող քայլերն են. «Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա», -ասված է Արմեն Սարգսյանի «հրաժեշտի ուղերձում»: Իրականում շատ հնարավոր եմ համարում, որ այս իշխանությունը համաձայնի Թուրքիայի պահանջին՝ «ցեղասպանության մասին պնդումներից» (թուրքական ձեւակերպմամբ) հրաժարվելու առումով, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում կատարի հակառակորդի կողմից պարտադրված բոլոր քայլերը: Նախկին նախագահը, ենթադրաբար, չէր ցանկանա դառնալ այդ ամենի մասը:

Մեր պաշտոնյաները սիրում են խոսել ոչ ուղիղ, ակնարկներով: Արմեն Սարգսյանը բացառություն չէ. նրա հրաժարականի տեքստից դժվար է հասկանալ, թե ինչու է նա իրականում հրաժարական տվել: Բայց այսպես թե այնպես, կարծում եմ, հետագա գործընթացներն այդ հարցի վրա լույս կսփռեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երեվանցին, այն էլ ֆիզիկոսը, այն էլ տեսական ֆիզիկայի ֆիզիկոսը նույնիսկ տեսականորեն իր սեփական ժողովրդի դեմ չի գնա, եթե նույնիսկ ստիպեն կամ հոժարակամ ծառայի ուրիշ երկրին՝ հիշենք հայտնի հնգյակը, որը ծառայում էր սովետին, բայց իր բրիտանիային դեմ չէր ծառայում, ի տարբերություն մեր այսօրվա անմակարդակ ուրիշ երկրների ծառայողներին, որոնք հանգիստ իրենց սեփական երկրի դեմ են ծառայում: Ժողովուրդները բոլորն էլ ինքնաբավ են իրենց բնական կենսակերպի մեջ, դրա համար էլ ժողովուրդների միջեւ նույնիսկ տեսականորեն չի կարող լինել հակասություն, իսկ այն պետությունները, որոնք պաշտպանում են իրենց ժողովուրդների եւ դրսի ժողովուրդների բնական կենսակերպը, այդ երկրներին ծառայելը՝ դա մեզ ծառայել էլ է նշանակում, որովհետեւ մեր ժողովուրդն էլ է ինքնաբավ եւ բնական կենսակերպի կողմնակից, իսկ ժողովուրդների միջեւ հակասություններ հրահրում են հետամնաց բարդույթավորված կախյալ անսկզբունք անսեր անհոգի պետությունները, հատկապես այսօր կախյալականության համաշխարհային համաճարակի պայմաններում: Կարճ ասած, մեր ազգի այն հարգված ներկայացուցիչները, ովքեր պատրաստ են բացահայտ արտահայտել իրենց քաղաքական ընտրությունը եւ պատասխանատվություն են վերցնում իրենց ընտրության համար, ժողովուրդն էլ թող գաղտնի իր ձայնը տա այդ միջնորդավորված մարդկանց, բայց ընտրության վերջնական իրավունքը տա այդ բացահայտ միջնորդ մարդկանց, մեզ մեր հայկական տարբերակի ամերիկյանը հիշեցնող ընտրություն է պետք կազմակերպել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31