Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարը ազատման դիմում է ներկայացրել

Հունվար 24,2022 23:55

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար  Սամվել Ավետիսյանը։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից։

Թե ո՞րն է եղել Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատման պատճառը,  մենք այս հարցի շուրջ դեռ պարզաբանումներ կստանանք։

Նշենք, որ  բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Երևանի պետական բժշկական համալսարանում, նա եղել է պրոռեկտոր, բժշկական համալսարանի ախտաֆիզոլոգիայի ամբիոնի վարիչ։

Նրան Գյումրիում աշխատանքի էր հրավիրել Շիրակի նախկին մարզպետ, մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը՝ Ժորա Սերոբյանին տնօրենի պաշտոնից ազատելուց հետո։

Հովհաննես Հարությունյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել էր, որ պրոֆեսորին Գյումրի է հրավիրել իր վաղեմի երազանքը ի կատար ածելու, այն է՝մանկական հիվանդանոցը հզորացնելու և հիվանդների հոսքը Երևան կանխելու նպատակով։

«Ես որ ասում եմ Ավստրիական հիվանդանոցը պետք է զարգանա՝ որպես մանկական հիվանդանոց, ես իմ ասածին հավատում եմ և հույս ունեմ՝ այն քայլերը, որոնք որ այնտեղ իրականացվում են՝ նոր մասնագետների ներգրավման հետ կապված, այդ աշխատանքները իրենց պտուղը տալու են։ Տնօրենի առաջ կա դրված մի կարևոր խնդիր․ այն հիվանդները, որոնց բուժումը հնարավոր է կազմակերպել Գյումրիում, պետք է Գյումրիում բուժվեն, այլ ոչ թե մանկական հիվանդանոցը դառնա ընդամենը սորտավորման կենտրոն, կներեք բառի կոպիտ հնչելու համար։ Եվ երկար տարիներ, այո՛, այդ հիվանդանոցը նման ծառայություն է մատուցել։

Իմ այդ երազանքն իրագործելու համար ես խնդրեցի, որ Գյումրի գար և ինձ օգներ Սամվել Արծրունու Ավետիսյանը, որը բժշկական համալսարանի ախտաֆիզոլոգիայի ամբիոնի վարիչն էր, պրոֆեսոր։ Ինքն ամբիոնում մնացել է՝ որպես պրոֆեսոր, բայց ամբիոնի վարչությունից դուրս է եկել, եկել է՝ հավատալով ինձ, որ մենք դա կարող ենք անել։

Իմ որոշման հիմքում այն է եղել, որ մենք ունենանք բազմաֆունկցիոնալ մանկական հիվանդանոց, մենք չպետք է ընդամենը վճարովի ծառայություններ իրականացնելու և դրամարկղը լցնելու համար ինչ ծառայություն կա աշխարհի տակ, բերենք և անենք մանկական հիվանդանոցում։ Դա իմ կողմից բացառվելու է։ Միգուցե տարբեր տնտեսական հարցերով՝ դեղատուն, նման տեսակի բաներ լինեն, որոնք կօգնեն, այսպես ասած, դրամարկղը լցնել ընթացիկ ծախսեր հոգալու, բայց չպետք է մանկահասակների հիվանդանոցը վերածենք մեծահասակների հիվանդանոցի, որպեսզի ընդամենը ցույց տանք դրամարկղում աճը»,-հայտարարել էր Հովհաննես Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31