Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջ քննադատում էր նախկին իշխանություններին, երբ դիվանագիտական բավարար փորձառություն չունեցող մարդիկ դեսպան էին նշանակվում: Այսօր վարչապետ Փաշինյանին առցանց ասուլիսի ժամանակ հիշեցրեցին իր խոսքերը ու նշեցին, որ ՀՀ-ի համար կարեւոր երկրներում՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում նշանակվել են դիվանագիտական կրթություն ու փորձառություն չունեցող մարդիկ՝ Փաշինյանի քաղաքական մերձավորները: Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, մենք եկել ենք եւ այդ վստահության մանդատը տվել ենք այդ դիվանագիտական ծառայությանը, ի՞նչ ենք ստացել արդյունքում՝ մի իրավիճակ, երբ մեր հարգարժան դիվանագետները, ընդ որում՝ բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետի եւ անվտանգության խորհրդի այլ անդամների մասնակցությամբ խորհրդակցության են մասնակցում, հարց է քննարկվում, որտեղ պետք է որոշում կայացվի եւ մի քանի օր հետո ասում են՝ մենք տեղյակ չենք դրանից: Այն մարդը, ով որ ինձ ուղարկել է թուղթ, նախագիծ, հետո հայտարարություն են անում, թե՝ մենք տեղյակ չենք դրանից»:
Նա ասաց, որ ուզում էին դիվանագիտական ծառայությունը շանս տան, որ մաքսիմալ ապաքաղաքական ու ինստիտուցիոնալ լինեն. «Նույն մարդիկ գնում են թաքուն ընդդիմության հանրահավաքներին են մասնակցում, կաթվածահար էին անում ԱԳՆ-ն, սա անարձագա՞նք պետք է մնար: Իհարկե՝ ոչ: Էլի պետք է վերադառնանք պողպատե մանդատին…Կներեք, ո՞վ է ասել, որ դավաճանությունը պետք է անարձագանք մնա: Արձագանքներ լինելու են եւ այն արձագանքները, որ տեսնում եք, դրանք առաջին ծիծեռնակներն են: Որեւէ մեկը չմտածի, որ իր հանցավոր գործունեության համար խուսափելու է պատասխանատվությունից: Շանսը տվել ենք, ո՞նց են օգտագործել այդ շանսը: Ստանալու են համարժեք պատասխան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ