ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ պատրաստվում է իր ընտանիքի միջոցներով Հիսուս Քրիստոսի մեծադիր արձանը կառուցել Հայաստանում: Այսօր առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանն այս մասին իր դիրքորոշումը ներկայացնելիս ասաց, որ ՀՀ-ում ճանապարհների եզրերին արձաններ են դրվում, տարբեր տեղերում խաչեր են տեղադրում այնպես, որ իր՝ որպես քրիստոնյայի զգացմունքները վիրավորում են. «Կներեք, ով որտեղ հասնում է, երկու հատ պլաստմաս են գտնում, կամ երկաթի ինչ-որ կտոր ու խաչքար են տեղադրում»:
Նա նշեց, որ Հայաստանում մահարձանների՝ գերեզմանների քարերի կառուցումը կարգավորող կոնկրետ իրավական ակտեր չկան, իսկ դա շատ կարեւոր հարց է. «Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված եւ իմ զարմանքն այն է, որ ոչ մեկը չի նկատել: Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորն ակտիվացան: Կան շրջանակներ, որոնց թվում է՝ Քրիստոսի անունն օգտագործելու սեփականության կադաստրով հաստատված վայական կա ու Հիսուս Քրիստոսի մասին իրենք են լիազորված, որ նրա մասին խոսեն, պատկերն օգտագործեն»:
Նա ասաց, որ կառավարությունում նախաձեռնություն է մշակվում, որ մահարձանների չափերը ՏԻՄ մարմինների թույլտվությամբ պետք է լինի, որովհետեւ գիտնականների մահարձան կա, այնքան անշուք է, ոչ ոք չի նկատում, իսկ հանցագործի, մարդասպանի մահարձան կա, այնքան մեծ է, որ երեխաները գերեզմանոց գնալիս առաջինը դա են նկատում:
Փաշինյանն ասաց, որ եթե Ծառուկյանի մտքով այդպիսի բան է անցել, որ Քրիստոսի արձանը կառուցի, լավ է, որ նա իր գաղափարը ներկայացնում է հանրությանը, իսկ շատ մահարձաններ՝ 5 մետրանոց, դրվել են ու չեն հարցրել ոչ մեկին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ