ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է զեկույց հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
Ցավում եմ, որ վերջին երեք տարիների ահռելի աշխատանքը, որ իրականացվել է այս ոլորտում գրեթե չի արծարծվել զեկույցում։
Առաջիկայում հանգամանալից կանդրադառնանք զեկույցում տեղ գտած բոլոր հանգամանքներին և համապարփակ կներկայացնենք իրականացված աշխատանքները։
Կարդացեք նաև
Այժմ մի քանի կետ այն մասին թե ինչ է փոխվել 2018թ-ից հետո.
Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը ամբողջովին վերափոխվել են և արժանացել են նաև ՄԻՊ բարձր գնահատանքի։
Առաջին անգամ Հոգեկան առողջության ազգային կենտրոնը ընդգրկվել է կապիտալ ծախսերի ծրագրում և պետությունը գումարներ է հատկացրել ամբողջական վերակառուցման համար։ Աշխատանքները մեկնարկել են 2021թ։ Մինչ այդ մի շարք վերանորոգման և կահավորման աշխատանքներ են արվել ապահովելու պացիենտներին հնարավորինս պատշաճ կենցաղային պայմաններով՝ նոր զուգարաններ, լոգասենյակներ, մահճակալներ, սպասք, սպիտակեղեն և այլն։
Ամբողջապես վերանայվել է սննդակարգը և ապահովվում է ըստ նորմատիվների։
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, ուր տարիներ ի վեր մարդիկ անգամ անձնագիր հանելու հետ կապված խնդիրներ են ունեցել լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, թե դեղորայքի տրամադրման, սննդակարգի փոփոխության, սպիտակեղենի, հագուստի, հանգստի ռեժիմի, հոգեբանական նոր ծառայության ներդրման , ջերմոցի կառուցման և այլ մասերով։ Առաջիկայում կվերանորոգվի խոհանոցը։
Երկար տարիներ պացիենտները չեն ունեցել հնարավորություն օգտվել գործիքային և լաբորատոր հետազոտություններից, ատամնաբուժական ծառայություններից և այլ բժշկական միջամտություններից, որոնք հասանելի են այսօր։
Փոփոխվել են զսպման միջոցների կիրառման միջոցները և իրավական կարգավորումները։
Կանոնակարգվել է ոչ հոժարակամ բուժման մեխանիզմները և դրանց վերահսկման միջոցները։
Կանոնակարգվել է պացիենտների կենսաթոշակների ստացման հարցերը։
Ի վերջո Հայաստանում բացվել է ամբողջովին վերանորոգված, հագեցված և մասնագիտական ներուժով համալրված մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունք Ավան հոգեկան առողջության տանը։
Արդյոք հոգեկան առողջության առումով դեռ խնդիրներ և մարտահրավերներ կան՞ իհարկե այո և մենք քայլ առ քայլ լուծելու ենք դրանք, բայց այս ոլորտում երեք տարիների ընթացքում շատ բան է փոխվել և դա պատշաճ չարձանագրելը և ասել «2018թ.-ից հետո նույն իրավիճակն է» մեղմ ասած ազնիվ չէ»։