Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, ՀՀ-ն պատրաստ է այդ բանակցություններին»

Հունվար 24,2022 21:12

«Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք հնչել են Հայաստանում 94 թվականից հետո»,- այսօր հրավիրած առցանց ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, Հայաստանում 94-ից հետո հայտարարել են, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ՝ Բաքուն հայկական քաղաք է, հիմա էլ Ալիեւն է ասում, որ Ղարաբաղի հարցը լուծված է: «Այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա: Այդ էմոցիոնալ հանգամանքը օգտակար չի պրոցեսների համար: Ռացիոնալ դաշտում խոսք է գնում այն մասին, թե ՀՀ-ն ճանաչի՞, թե՞ չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ճիշտ չի ընկալվում խոսակցությունն այդ մասին, բայց մենք պետք է ընկալենք մի բան՝ ՀՀ օրենսդրության մաս կազմող ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Այդ համաձայնագիրը վավերացվել է դեռեւս 1992 թվին»:

Հարցին՝ մենք ի՞նչ սահմաններով ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանը ի պատասխան շարունակեց միտքը. «Մադրիդյան սկզբունքները, երբ որ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են՝ որպես բանակցությունների հիմք: 1992-ից դե յուրե ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների եւ տարածքների շրջանակում: Բայց դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվում: Եվ այո, սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան շատ կարեւոր է: ՌԴ ԱԳ նախարարը վերջերս հայտարարեց, որ սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան կապ չունի Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթացներ են»:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի ու Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31