Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը հրաժարականից ժամեր առաջ զանգել է Փաշինյանին. «Ես ՀՀ նախագահին հարցրել եմ, թե ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնում է»

Հունվար 24,2022 20:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիս է հրավիրել ու պատասխանում է ԶԼՄ-ների՝ նախօրոք ուղարկված գրավոր հարցերին:

Փաշինյանը նախ անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին ու հրաժարականի տեքստին, որ լիազորություններ չի ունեցել բավարար չափով. «Նախագահն է կայացրել որոշումը: Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ՝ մոտ 3,5 ժամ առաջ: Նա երեկ զանգահարել է ինձ, մենք խոսել ենք այդ մասին: Ես ՀՀ նախագահին հարցրել եմ, թե ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնում է, որ ինքը կայացրել է որոշումը, փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ չէ: Դրանից հետո հասկացել եմ, որ ինքը կայացրել է իր որոշումը: Միակ դիտարկումն այն է, որ Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել: Իմ դիրքորոշումը այդ կապակցությամբ մի փոքր, կամ էականորեն տարբերվում է նախագահի դիրքորոշումից: 2018-ից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է  ՀՀ նախագահ, հետո ես՝ ՀՀ վարչապետ, այդ ժամանակից ի վեր Սահմանադրության որեւէ դրույթի փոփոխություն չի ունեցել համենայնդեպս նախագահի լիազորությունների մասով, կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել: Հրաժարականի դրդապատճառների մասին այնտեղ կան որոշակի բացատրություններ: Ես դա ընդունում եմ ի գիտություն եւ պատեհ չեմ համարում մեկնաբանել»:

Այն, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ ՀՀ քաղաքացի չի եղել, «Հետքը» հրապարակում է արել, որ «Նախագահի ստերի բուրգը քանդվեց», Փաշինյանն արձագանքեց. «Ես չեմ հասցրել մանրամասն ծանոթանամ հրապարակմանը: Մեկնաբանություն չունեմ»: Իսկ այն, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել պաշտոնը ստանձնելիս Փաշինյանը քիչ հավանական է համարում: Այնուամենայնիվ, գտնում է, որ եթե այդպես է, դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:

Իսկ թե ով է լինելու հաջորդ նախագահը՝ Փաշինյանն  ասաց. «Մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության ու խորհրդարանական մեծամասնության միջեւ լինի քաղաքական ներդաշնակություն, առավել եւս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ»: Նա ասաց, որ ԱԺ-ն, կառավարությունն ու նախագահականը պետք է այնպես լինի, որ միասնական պատասխանատվությամբ իրար հետ կապված լինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31