Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների պարգեւատրումը:
Կանանց առաջնությունում մրցանակակիրների եռյակն այսպիսի տեսք ունի. Մարիամ Մկրտչյան, Սուսաննա Գաբոյան, Մարիա Գեւորգյան:
Տղամարդկանց մեջ մեդալակիրները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշեց, որ հերթական անգամ հաստատվեց, որ շախմատը մեր համար ազգային մարզաձեւ է եւ հաղթեցին, ինչպես մասնագետներն են պնդում, ուժեղները, թեեւ մյուսներն էլ թույլ չխաղացին: «Ամենաուրախալին մրցակցությունն է եւ այդ մրցակցությունից ծնվող ուժը: Միայն մրցակցության պարագայում մենք ապագայում կունենանք ավելի ուժեղ շախմատիստներ: Շնորհավորում եմ հաղթողներին, բոլոր մասնակիցներին եւ այս տարվա ամենակարեւոր մեկնարկում՝ համաշխարհային օլիմպիադայում, մեր թիմին մաղթում եմ հաջողություններ»,-ասաց նա:
Կարդացեք նաև
ՀՇՖ 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ընդգծեց, որ ինչ ակնկալում էին Հայաստանի առաջնություններից, իրականացավ: Նրա խոսքով հաճելի էր հետեւել հատկապես տղամարդկանց առաջնությանը, որտեղ պայքարը թեժ էր եւ հույս հայտնեց, որ կանանց առաջնությունը նույնպես կլինի նույնքան բարձր որակի:
Տղամարդկանց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը իր խոսքում մի փոքրիկ վիճակագրական տեղեկություն հրապարակեց, որը շատ կարեւոր հանգամանք է: «Այս առաջնությունը ցույց տվեց, որ մենք բավականին լավ երիտասարդներ ունենք: Մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստների միջին տարիքը մի փոքր է գերազանցում 21 տարեկանը, ինչը նշանակում է, որ մեր առաջատարների հետ մենք մեծ հույսեր կարող ենք կապել առաջիկա մրցաշարերում: Բացառիկ մի իրադարձություն էլ եղավ: 2-3-րդ տեղերը բաժանած Հայկ Մարտիրոսյանի եւ Շանթ Սարգսյանի երեք ցուցանիշները լրիվ հավասար էին եւ միայն 4-րդ ցուցանիշով արծաթե մեդալը բաժին հասավ Հայկ Մարտիրոսյանին»,- տեղեկացրեց Աշոտ Վարդապետյանը:
Կանանց Հայաստանի չեմպիոնը ստացավ 500 հազար, արծաթե մեդալակիրը՝ 300 հազար, բրոնզե մեդալակիրը՝ 200 հազար դրամ, իսկ 4-րդ տեղը գրաված Աստղիկ Հակոբյանը արժանացավ 100 հազար դրամ պարգեւի:
Ըստ կանոնակարգի, 5-ից 10-րդ տեղերն զբաղեցրած շախմատիստուհիները վաստակած յուրաքանչյուր միավորի համար պարգեւատրվեցին 10 հազարական դրամով:
Տղամարդկանց մեջ 1-ից 5-րդ տեղերն զբաղեցրած շախմատիստները պարգեւատրվեցին հետեւյալ համամասնությանբ. 2 մլն., 1,2 մլն., 800 հազար, 600 հազար եւ 400 ազար դրամ, իսկ 6-ից 12-րդ տեղերն զբաղեցրած շախմատիստները յուրաքանչյուր վաստակած միավորի համար ստացան 20 հազարական դրամ խրախուսական մրցանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ