Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիս-Կապան ճանապարհին, SOCAR-ի բենզալցակայանի մոտ հսկայական «մոլ» է կառուցվում. Նաիրա Զոհրաբյան

Հունվար 24,2022 17:58

Նաիրա Զոհրաբյանին տեղեկություններ են հասել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի տիրապետության տակ է եւ որտեղ կառուցվել է ադրբեջանական SOCAR-ի բենզալցակայանը, հսկայական առեւտրի կենտրոն՝ «մոլ» է կառուցվում: Այդ մասին նա ասաց այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսում:

«Ես չեմ կասկածում, որ շուտով տեսնելու ենք այդ զարհուրելի տեսարանը՝ ինչպես են մեր հպարտ հայրենակիցները տոպրակներով դուրս գալիս այդ առեւտրի կենտրոնից: Նրանք տնտեսական ինտերվենցիա (միջամտություն) են անելու, բերելու են հայկական շուկան ողողեն էժան, բայց որակյալ թուրքական ապրանքատեսակներով եւ, ցանկացած քաղաքացի նախընտրելու է ավելի էժանը եւ ավելի որակյալը»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, մեր այն տնտեսագետներն ու տնտեսվարողներն էլ, որոնք ողջունում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ առեւտրային, տնտեսական կապերը՝ լինելու են թուրքական տնտեսության դռնապանը՝ դուռ բացողը:

Տիկին Զոհրաբյանը կրկին անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց՝ ինքը չի կիսում շրջանառվող այն վարկածները, թե Նիկոլ Փաշինյանը կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ նրա համար վստահելի անձ հանդիսացող ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ կգնա վարչապետ. «Ես կատեգորիկ բացառում եմ այդ վարկածը, եթե Նիկոլ Փաշինյանը խելքը չի գցել: Նա որեւէ մեկին, անգամ ամենամերձավորին չի վստահի եւ գերվարչապետությունը չի թողնի եւ համաձայնի՝ թեկուզ մեկ կամ երկու տարով ստանձնել քաղաքական «պեշկայի» կարգավիճակը: Այս փուլում բացառվում է, որ գերվարչապետական լիազորությունները թողնի եւ դառնա նախագահ»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը կընտրի իր համար լոյալ մեկին, որը կառավարելի է:

Նա չբացառեց նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Նշեց նաեւ, որ շրջանառվում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի անունը, որի պարագայում սակայն, կա Ռուսաստանի գործոնը, իսկ Արամ Սարգսյանն ընդգծված արեւմտամետ գործիչ է. «Բայց, ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունենա Ռուսաստանի էմոցիաների վրա, ինչպես թքած ունեցավ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին նշանակելով այդ պաշտոնում, որը Ռուսաստանի համար մերժելի քաղաքական գործիչ էր»:

Ասաց, որ ՀՀ նախագահի պաշտոնում չի բացառում նաեւ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:

Տիկին Զոհրաբյանը չի կիսում նաեւ այն կարծիքը, թե ՀՀ նախագահի այս քայլով սկիզբ է դրվում Նիկոլ Փաշինյանի իշխանության ավարտի: Հակառակը՝ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը «ցեմենտ-բետոնում» է իր իշխանությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31