Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Վանաձոր խոշորացված համայնքի ավագանին հրավիրել էր արտահերթ նիստ, որի օրակարգային հարցը Վարչական դատարանում ավագանու շահերը ներկայացնելու համար լիազոր ներկայացուցիչ ընտրելն էր:
ՏԻՄ օրենքի համաձայն, քանի որ չկա քաղաքապետ՝ հրավիրված նիստը վարում էր ավագանու անդամներից տարիքով ամենամեծը, այս դեպքում «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:
Նիստին ներկա էին ավագանու 18 անդամներ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքից, «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» կուսակցություններից: Նիստին չէին ներկայացել ՀԱՍԿ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները:
Կարդացեք նաև
«Հայրենիք» կուսակցության ավագանու անդամ Վահե Դոխոյանի առաջարկով՝ փաստաբան Արտակ Ոսկանյանը լիազորվեց որպես ներկայացուցիչ ներկայացնելու Վանաձոր համայնքի ավագանու շահերը Վարչական դատարանի վարույթում գտնվող վարչական գործով. «Ես հիմա կարող եմ տեսակետ հայտնել այնքանով, որքանով, որ տեղյակ եմ այդ գործընթացի մասին լրատվամիջոցների հրապարակումներից: Նշված վարչական գործով տեղի են ունեցել դատական նիստեր, ավագանին չի ունեցել ներկայացուցիչ այնտեղ եւ ես տեղյակ չեմ դրանց բովանդակությանը»,- ասաց Արտակ Ոսկանյանը, նշելով որ գործին լիարժեք ծանոթանալուց հետո նոր միայն հստակ քայլեր կանեն:
Արտակ Ոսկանյանին լիազորելու համար ձեռնպահ էին միայն «Ապրելու երկիր» կուսակցություն ավագանու անդամները: Կուսակցության ներկայացուցիչ Արտավազդ Ալավերդյանն ասաց, որ իրենք նիստին ներկա են գտնվել այն պատճառով, որպեսզի ցույց տան, որ եթե նիստի անցկացմանը չկա օրինական սահմանափակում, ապա իրենք նիստերը չեն խոչընդոտելու. «Մենք դեմ ենք, որովհետեւ նախաձեռնությունը մի քաղաքական ուժի կողմից է եւ լիազորված թեկնածուն նույնպես մի քաղաքական ուժի կողմից է, եւ մենք վստահ չենք, որ անկողմնակալ պաշտպանություն ունի»:
Լիազորագիրն Արտակ Ոսկանյանին տրվեց 1 տարի ժամկետով, առանց վերալիազորման իրավունքի:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ