ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար անսպասելի չէր: Այսօր նա «Հայելի» ակումբում բացատրեց՝ ինչու: Նրա խոսքով, երբ նախկին իշխանությունը նրան առաջարկել էր ՀՀ նախագահի պաշտոնը, Արմեն Սարգսյանը գիտեր, որ Սահմանադրությամբ նախագահը որեւէ լիազորություն չունի.
«Բայց, քանի որ մինչպատերազմյան Հայաստանը բացարձակապես այլ Հայաստան էր, որտեղ նախագահը կարող էր պաղպաղակ ուտել, կարող էր համբուրգեր ուտեր, փողոցում երեխաների համար բիֆշտեքս պատրաստեր եւ բավարարվեր արարողակարգային հարցերով՝ հաշվի առնելով իր լեզուների հրաշալի իմացությունը, անձնական բիզնես կապերը բրիտանական թագի հետ, միանշանակ դա բավարարում էր Արմեն Սարգսյանի ամբիցիաները: Բայց պատերազմյան եւ հետպատերազմյան Հայաստանը թելադրում է խաղի բացարձակապես այլ կանոններ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրավական հետեւանքների վավերացում, որի տակ դրվելու է նաեւ Արմեն Սարգսյանի ստորագրությունը»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, վաղ թե ուշ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելու է խաղաղության պայմանագիր, որը ենթադրելու է կողմերի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում. «Իսկ միջազգային պայմանագրերի վավերացման ընթացակարգով նախ՝ ՍԴ-ն տալիս է եզրակացություն, որ այն չի հակասում Հայաստանի սահմանադրությանը, որը այս ՍԴ-ն անպայմանորեն տալու է, տոտալ վերահսկվող Ազգային ժողովը մեկ վայրկյանում վավերացնելու է, թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը եւ, թե՛ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր միջպետական բոլոր օրենսդրական ակտերը, թե՛ դեմարկացիա, դելիմիտացիա ենթադրող բոլոր օրենսդրական, սահմանների փոխադարձ ճանաչման փաստաթղթերը, որից հետո, արարողակարգային առումով ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ Ազգային ժողովի վավերացրած փաթեթների տակ դրվի նաեւ Արմեն Սարգսյանի ստորագրությունը: Արմեն Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ այլեւս չի կարող բավարարվել պաղպաղակ ուտելով: Նա լավ հասկանում էր, որ պատմության համար իր ստորագրությունը մնալու էր, որպես Արցախը հանձնած թիմի ներկայացուցչի ստորագրություն»:
Տիկին Զոհրաբյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանն ընդամենը «փախել է հետագա պատասխանատվությունից»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ