Մեծ Բրիտանիան սկսել է դուրս բերել Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին այդ երկրից՝ ռուսական ագրեսիայի սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնում է BBC-ն, Լոնդոնում նշում են, որ բրիտանացի դիվանագետներին սպառնացող ուղղակի վտանգ չկա, այնուամենայնիվ, որոշում է կայացվել հետ կանչել անձնակազմի մի մասին:
«Մեր աշխատակիցների մի մասը և նրանց ընտանիքի անդամները հետ են կանչվում Կիևից՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի ֆոնին: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը բաց կմնա և կշարունակի կատարել իր հիմնական գործառույթները»,- ասվում է «Ֆորին օֆիսի» պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, շաբաթ օրը Բրիտանիան Մոսկվային մեղադրել էր Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչների իշխանության բերելու փորձի մեջ: Կրեմլում դա անվանել էին բացահայտ ապատեղեկատվություն:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պետդեպը նույնպես հրահանգել է Ուկրաինայի դեսպանատանն աշխատող ամերիկացիներին դուրս բերել իրենց ընտանիքներն այդ երկրից, ինչպես նաև թույլատրել է դեսպանատան վարձու աշխատակիցների՝ երկրից դուրս գալը: Պետդեպից հստակեցրել էին, որ դա ոչ թե տարհանում է, այլ նախազգուշական քայլ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ