Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի մեկնարկին կրկին վիճարկվեցին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները:
ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության նախագահ Էմանուելիս Զինգերիսը հայտարարեց, թե ինչու պետք է կասեցվեն ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները: Նա մասնավորապես նշեց. «Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն արդար չեն եղել, հետևաբար ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության կազմը լեգիտիմ չէ: ՌԴ-ն չի կատարում իր միջազգային պարտավորությունները, ավելին, օկուպացրել է Վրաստանի, Ուկրաինայի տարածքները, թունավորել Ալեքսեյ Նավալնիին»:
Այս նախաձեռնությունը կարող էր կյանքի կոչվել, եթե այն պաշտպանության արժանանար առնվազն 5 ազգային պատվիրակությունների առնվազն 30 անդամների կողմից: Քվեարկության արդյունքներով՝ նախաձեռնությանը 49 պատվիրակներ կողմ էին: Ուստի ռուսական պատվիրակության լիազորությունների հարցն ուղարկվել է Մոնիտորինգի հանձնաժողով, որը 24 ժամվա ընթացքում զեկույց կնախապատրաստի: Չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին՝ ժամը 17.30-ին, կկազմակերպվի այս հարցով քննարկում:
Իսկ մինչ այս քննարկումը և վերջնական քվեարկությունը ռուսական պատվիրակության անդամները կարող են մասնակցել ԵԽԽՎ նիստերին, սակայն չեն կարող քվեարկել իրենց լիազորությունների հարցով:
Կարդացեք նաև
Զուգահեռ ընթանում է նաև ԵԽԽՎ նախագահի ընտրությունը: ԵԽԽՎ քարտուղարություն ստացվել է երկու թեկնածություն՝ Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Թինի Կոքսի և ուկրաինական պատվիրակությունից Մարիա Մեզենցեվայի թեկնածությունները: Քվեարկությունը կընթանա 1,5 ժամ, և այս երեկո պարզ կլինեն արդյունքները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ