«Նախագահի հրաժարականը լուրջ իրադարձություն է Հայաստանի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքական կյանքում, որովհետեւ խոսքը գնում է պետության գլխի մասին: Դա պետք է լրջագույն ազդակ լինի բոլորին՝ ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում: Սա պետք է ընդունեն՝ որպես իրադրության փոփոխության փաստ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն այսպես մեկնաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Այն պատճառաբանությունները, որ նախագահը չի ունեցել բավարար լիազորություններ՝ զսպելու, հակակշռելու եւ սահմանադրության երաշխավորի իր գործառույթը կատարելու՝ Ղազինյանը սին համարեց. «Նախագահն ուներ հնարավորություն թույլ չտալու Սահմանադրության կոպիտ խախտումներ»: Իսկ թե ինչու հրաժարական տվեց, Ղազինյանը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ, դա կապված էր արտաքին քաղաքական գործընթացներով, ապա նաեւ ներքին իշխանական վերադասավորումների ունեցած ծրագրերով: Հատկապես ես կկապեմ դա սահմանադրական փոփոխությունների իշխանության ծրագրի հետ»:
Ըստ Ղազինյանի, Արմեն Սարգսյանն իր լիազորությունները լիարժեք չի կատարել, հատկապես՝ պատերազմից հետո, որի մասին իրենք բարձրաձայնել են. «Ես կսպասեի Արմեն Սարգսյանից, որ ինքը հրապարակեր, թե կոնկրետ ինչ խնդրի առջեւ է կանգնելու առաջիկայում ՀՀ-ն, ինչի մասին ինքը քողարկված ակնարկեց իր հրաժարականի տեքստում: Նույնը նաեւ տեղի ունեցավ արտգործնախարար Արա Այվազյանի դեպքում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ է լինելու Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, Հայաստանը Վազգեն Սարգսյանի ասած՝ լինելու է որբի գլուխ, որ ով պատահի, խուզելո՞ւ է՝ Ղազինյանը պատասխանեց. «Արդեն 3,5 տարի է՝ գտնվում ենք այդ վիճակում, երկիրը դարձել է որբի գլուխ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ