Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացների հետ». Վարդեւանյան

Հունվար 24,2022 16:15

ՀՀ նախագահի հրաժարականից պարզ է դառնում, որ այն, ինչի մասին շատերս ընդդիմադիր դիրքերից խոսում էինք, նաեւ փորձագետներ են խոսում, որ ՀՀ-ն կանգնած է շատ բարդ իրավիճակում, առկա են նոր մարտահրավերների ռիսկեր ու այս իրավիճակում ՀՀ նախագահի հրաժարականը, նաեւ տեքստում օգտագործված ձեւակերպումը, որ ՀՀ-ն խորհրդարանական կառավարման համակարգ է որդեգրել ձեւով, բայց ոչ բովանդակությամբ, ուղղված է իշխանություններին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն այսպես մեկնաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը այս իշխանությունների բոլոր նախաձեռնություններին լուռ աջակցել է. «Եղել են դեպքեր, երբ ՀՀ նախագահը կոնկրետ հարցերով դիմել է ՍԴ ու ՍԴ-ն դրական որոշումներ է կայացրել: Բայց փաստացի այս 4 տարիները ցույց տվեցին, որ ՀՀ նախագահը առավելապես դժգոհում էր իր լիազորություններից՝ առանց լիարժեք օգտագործելու այդ լիազորությունները: Ի վերջո, ՀՀ նախագահի լիազորություններն ավելի շատ են, քան ՄԻՊ-ի լիազորությունները: Դուք տեսել եք, թե ինչպիսի արդյունավետությամբ է գործում ՄԻՊ-ի ինստիտուտը, ի պատիվ Արման Թաթոյանի ու նաեւ տեսել եք, թե ինչքան իներտ ու պասիվ է գործում ՀՀ նախագահի ինստիտուտը»:

Բուն հրաժարականի գործընթացին անդրադառնալով՝ Վարդեւանյանն ասաց, որ ժամկետի հաշվարկը պետք է ճիշտ անել, ոչ թե երեկվանից է հաշվում, այլ՝ հրաժարականից 7 օր հետո, որովհետեւ երբ այդ ժամկետը լրանա ու նա հետ չի վերցնի իր դիմումը, այդ ժամանակից 5-օրյա ժամկետում թեկնածու պետք է առաջադրեն: Թեկնածու կարող է առաջադրել թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:

Դիտարկմանը, որ նախորդ իշխանությունների օրոք են ՀՀ նախագահի գործառույթներն այդպես սարքել, որ հակակշիռ չի կարողանում լինել, հիմքը դրվել է նախկինում՝ Վարդեւանյանն ասաց, որ այս իշխանությունները կարող էին օրենսդրական մակարդակով ՀՀ նախագահի տեղն ու դերը փոփոխել, ավելի զսպող, հավասարակշռող դարձնել: Բացի այդ, ըստ Վարդեւանյանի, այս իշխանությունների օրոք է, որ ՀՀ-ն ձեւով դարձավ խորհրդարանական, բայց ոչ բովանդակությամբ, քաղաքական կամք ունենալու դեպքում դա կարող էին փոխել: Վարդեւանյանն ասաց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացների, մարտահրավերների հետ. «ՀՀ նախագահի ինստիտուտը այս 4 տարիներին որեւէ կերպ չկայացավ՝ հենց ՀՀ նախագահի պասիվության, իներտության հետեւանքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31