Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոտ 80 աշխատակցի Ամանորից մեկ օր առաջ ծանուցվել է աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Նրանք հունվարի 15-ից հետո այլեւս չեն կարող աշխատել։ Ընդ որում, արդեն նախկին աշխատակիցները պնդում էին, որ իրենց ազատման համար որեւէ հիմնավորում չի ներկայացվել։ Այս խնդրի առնչությամբ այսօր հրավիրված ասուլիսում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ամբողջովին վերակառուցվելու է, աշխատանքները սկսվելու են Բ մասնաշենքից, հետո՝ մյուսները։
Ինչ վերաբերում է մասնագետների ճակատագրին, նախարարն ասաց․ «Մենք ունենք հստակ պլան, թե ինչպես պետք է իրականացվի ծառայությունը, որ բժշկական կենտրոնի կողմից։ Վերջին երկու տարում Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն ներգրավված է եղել քովիդի բուժման մեջ, եւ այնտեղ մենք մեծածավալ ներդրումներ ենք իրականացրել՝ վերանորոգում, հագեցում։ Այս կենտրոնը պատրաստ է հավելյալ իր վրա վերցնել ինֆեկցիոն որոշակի ծառայությունների ապահովումը։ Ընդհանուր ծառայության եւ մարդկային ներուժի օգտագործման մասին՝ բոլոր այն դեպքերում, երբ այս ծառայությունը կփոխակերպվի այլ վայրում, աշխատակիցները կշարունակեն աշխատել, եւ որեւէ խնդիր չկա։ Բայց սա չի նշանակում, որ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը չի վերանայելու հաստիքացուցակը, մասնագիտական ներուժի որակը»։
Նախարարը չբացառեց, որ աշխատակիցների մի մասը, հնարավոր է, աշխատանքի անցնեն Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում։
«Ցանկացած բարեփոխման ընթացքում կարող են լինել թե՛ ընթացիկ, թե՛ ընդհանրապես անհարմարություններ։ Բայց եթե մենք որեւէ բան չփոխենք, որեւէ ծառայության ստատուս քվոն չվերանայենք , ապա ընդհանրապես ինչի՞ համար ենք այստեղ»,-ասաց Ավանեսյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ