2022 թ. հոբելյանական է ճանաչված կինոռեժիսոր եւ սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի համար: Հայաստանի կինոգործիչների միությունը եւս հատուկ պատրաստվել է նրա ծննդյան հարյուրամյակին, տարին էլ հայտարարվել է երզնկյանական: Հունվարի 26-ին Հայաստանի կինոգործիչների միության «Բուխարու սրահում» կկայանա «Յուրի Երզնկյան» երկլեզու հրատարակության շնորհանդեսը, նախատեսված է նաեւ ֆիլմի ցուցադրություն:
Aravot.am-ի հետ զրույցում կինոռեժիսորի դուստրը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոքննադատ Անետա Երզնկյանը նշեց, որ շատ ուրախ է, որ հենց հունվարի 26-ին են հավաքվելու Յուրի Երզնկյանի ծննդյան օրը նշելու համար. «Ինքը շատ սիրում էր այդ օրը, որը մեր տանը միշտ նշվում էր: Այլ միջոցառումներ, հանդիպումներ եւս նախատեսված են տարվա ընթացքում, բայց ճիշտ համարեցինք, որ կոնկրետ իր ծննդյան օրը հավաքվեն իր ընկերների զավակները՝ Դավիթ Մաթեւոսյանը, Նարինե Մալյանը, մյուսները… իմ սերնդակիցները, որոնք գիտեն Յուրի Արամայիսովիչին, եւ իրենց հայրերի հետ է ընկերությունը եղել…»:
Տիկին Երզնկյանը հավելեց, որ ամբողջ տարին նվիրված է լինելու Յուրի Երզնկյանին, ամիս առ ամիս կհիշվի նրա ստեղծագործական կյանքը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում եւս կնշվի:
«Իմ նախնիները Երզնկայից եկել են Լոռի՝ Հաղպատ, չնայած Յուրի Արամայիսովիչը ծնվել է Թիֆլիսում, մեծացել՝ Երեւանում, հայրը՝ ականավոր գործիչ Արամայիսը Երզնկյանը Հաղպատում է ծնվել, սովորել Շվեյցարիայում, կապը Հաղպատի հետ շատ մեծ է: Մենք հանգստյան բոլոր օրերը Հաղպատում ենք անցկացնում: Հաղպատում նույնպես երեկո է նախատեսված՝ նվիրված Յուրի Արամայիսովիչին: «Ֆրեսկո» փառատոնի շրջանակում էլ կլինի համերգային մի երեկո՝ նվիրված այն ստեղծագործություններին, որոնք անընդհատ հնչել են մեր տանը, եւ որոնք սիրում էր հայրս:
Կարդացեք նաև
Քանի որ Յուրի Արամայիսովիչը էկրանավորել է գրական գործեր, Բակունց, Թրուայա, շարքը կարող եմ շարունակել, Անրի Թրուայային եւ էկրանավորումներին նվիրված օր եւս կլինի, նաեւ այն արխիվը, որ ժամանակին Յուրի Արամայիսովիչը մեծ սիրով հավաքել է, կնվիրենք Գրականության եւ արվեստի թանգարանին»,-նշեց մեր զրուցակիցը:
Անետա Երզնկյանն ասաց, որ Երզնկյան ազգանունը շատ պարտավորեցնող է եւ միշտ ընտանիքի անդամներն ունեն այն զգացողությունը, որ պետք է այդ ազգանվանը համապատասխան ապրել:
Նա որոշ դրվագներ պատմեց հոր մասին, ասաց, որ մեծ հումորի տեր էր. «Իր կոլեգաների եւ ֆիլմերի հետ կապված միշտ կարողանում էր դիպուկ բնորոշումներ անել: Շատ ընկերասեր էր, բայց չէր սիրում, երբ դրամատուրգը լինում էր նկարահանման հարթակում, միշտ ամեն ինչ այնպես էր կազմակերպում, որ չհայտնվի այնտեղ:
Հիշում եմ Արամաշոտ Պապայանի հետ կապված պատմությունը, երբ ուզում էր գալ Լենինգրադ, որտեղ «Իմ ընկերոջ մասին» ֆիլմն էր նկարահանվում: Ասաց՝ այո, թող գա, բայց մշակութային ծրագիրն այնպես կազմակերպեք, որ Էրմիտաժ եւ այլ վայրեր այցելի, ու հանկարծ չերեւա նկարահանման հարթակում, եւ եթե երեւաց, Պապայանին կցված մարդիկ, որոնք պետք է կազմակերպեին նրա էքսկուրսիան, շրջեին նրա հետ, աշխատանքից կազատվեն… Լենինգրադի ամառային այգում նկարահանում էր գնում, մեկ էլ հեռվից հեռու հայրս տեսավ, որ Արամաշոտ Պապայանը գալիս է դեպի նկարահանման հարթակ: Նա սկսեց ոչ նորմատիվ բառապաշար գործի դնել, որին տիրապետում էր, բայց նախապես գեղեցիկ ձեւով ասում էր՝ ականջներդ փակեք…Դրանից հետո Արամաշոտ Պապայանն անսպասելի անհետացավ այդտեղից՝ աշխատակիցները հեռացրել էին նկարահանման հարթակից»:
Անետա Երզնկյանը հիշեց, որ հայրն անընդհատ շտապում էր եւ մի սիրելի ձեւակերպում ուներ՝ ասում էր ժամանակները չեն ընտրում, դրանցում ապրում են, ու ամբողջ կարեւորությունն այն է, թե ինչպես ես ապրում այդ ժամանակներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Անետա Երզնկյանի ֆեյսբուքյան էջից