«Երեւանի կենտրոնում տասը մարդու սպանությունը հնամաշ իրադարձությո՞ւն է։ Կամ, ձեր պատկերացմամբ՝ անհրապո՞ւյր է։ Իսկ ո՞ր սպանություններն են հրապույր, եթե տիրապետում եք դասակարգմանը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարությանը, որում նա, խոսելով իշխանության կողմից անընդհատ անցյալի հիշատակման եւ գործող խնդիրների վրա աչք փակելու մասին՝ մարտի մեկը բնորոշել էր որպես «հնամաշ»։
Աննա Գրիգորյանը նաեւ հարց էր հղել ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանին՝ «ո՞րն է, Վաղո, քո հայրենիք»։ Այս առնչությամբ էլ Արփի Դավոյանն ասաց․ «Հայրենիքի մասին իմ եւ գործընկերներիս պատկերացումներն ուզում եմ ներկայացնել Մաթեւոսյանի խոսքերով։ Դուք երեւի նման բաներ չեք կարդում, դժվար կարդաք՝ դատելով ձեր ելույթներից։ Մաթեւոսյանն ասում է, որ հայրենիքն իր կյանքի գործն է․․․նրա բարձր կամարները բարի հուշեր են ղողանջելու նրանց մասին, ովքեր շատից շատն ու քչից քիչը դրեցին այդ կամարների հիմքում։ Սա է հայրենիքը, տիկին Գրիգորյան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ