Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները ստանձնել են ապօրինի օտարված պետական գույքի վերադարձի պայքարը, մինչդեռ պետական կառույցները չեն ցանկանում մասնակից դառնալ. Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչների հարցերը վարչապետին

Հունվար 24,2022 15:37

Հարգելի՛ պարոն վարչապետ,
Երկու տարի շարունակվող ամենախնդրահարույց և աղմկահարույց կառուցապատումը Երևանում՝ ՖիզԳորոդոկ թաղամասում Ռատկո ՍՊԸ-ի կողմից նախագծված 12-հարկանի շինության շինարարությունը, բարձրաձայնված բազմաթիվ աղաղակող խնդիրների ֆոնին դեռևս շարունակվում է՝ անհարմարություն պատճառելով և ոստիկանական տեռորի ենթարկելով տեղի բնակիչներին։

Մասնավորապես, Ձեր և պատկան կառույցների կողմից որևէ հետևողական արձագանքի չարժանացավ բազմիցս Ձեր կողմից խոստացված «Ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձի» պայքարի շրջանակներում լիովին տեղավորվող այս դեպքը, երբ գոյություն չունեցող նկուղի հիմքով պետությունից և հանրությունից ապօրինաբար օտարված հողի վրա այսօր մասնավորը շինարարական աշխատանքներ է իրականացնում՝ Ձեր իշխանության օրոք տրված շինթույլտվությամբ։

Բնակիչները ստանձնել են պետությանը պատճառված վնասի վերականգնման, ապօրինի կերպով օտարված պետական գույքի վերադարձի պայքարը, մինչդեռ պետական կառույցները, այդ թվում՝ Ձեր անմիջական պատասխանատվության տակ գտնվող Վերահսկողական ծառայությունը, որևէ կերպ չեն ցանկանում մասնակից դառնալ այս իրավական պայքարին՝ փաստացի կերպով միայնակ թողնելով քաղաքացիներին ապօրինության հետ, մինչդեռ իրավապահ համակարգը մեծ պատրաստակամությամբ ծառայում է կառուցապատող կազմակերպության կարիքներին՝ ճնշելով պայքարը, շինծու գործեր հարուցելով բնակիչների դեմ։

Գոյություն չունեցող նկուղը, տեղում առկա կոմունիկացիոն ուղիները, որոնք ծառայել են հանրությանը, բնական առվակը, որի խողովակը վնասվել է շինարարական աշխատանքների ժամանակ, բազմաթիվ փաստեր խոսում են այն մասին, որ դա հանրային հողատարածք է, որն ապօրինաբար զավթվել է 2004 թվականին՝ ժամանակին քաղաքապետարանի հետ փոխկապակցված անձանց կողմից։

Ինչո՞ւ հետևողական չեք ապօրինի կերպով օտարված պետական գույքի վերադարձի այս պայքարին, ինչո՞ւ եք Դուք և Ձեզ հաշվետու կառույցները միայնակ թողնում քաղաքացիներին, որոնք պայքարում են հանուն օրենքի և պետական շահի: Ինչո՞ւ չեք արձագանքում, չեք հանդիպում քաղաքացիների հետ, որոնք կատարում են իրենց պարտքը, ինչի համար նրանց ճնշումների են ենթարկում: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը այս հարցում:

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի Գիտավանի քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31