Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծահարուստի հարսը կմնա՞ համայնքապետ․ ՔՊ-ականները նոր ընտրություններ են պահանջում Ամասիայում

Հունվար 24,2022 14:51

Ամասիայի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները, որոնք ինքնաբացարկ էին հայտնել, հրաժարվել հասանելիք 6 մանդատներից՝ անզիջում շարունակում են իրեն բողոքը։

Նրանք պահանջում են անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները և չեղարկել 9 մանդատով համայնքի ղեկավար ընտրելու որոշումը։

Նրանք պահանջում են նոր ընտրություններ նշանակել։

Ամասիայում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 9 մանդատով ձևավորվեց իշխանություն․ 3 մանդատ ստացավ ՀՀԿ-ն, 6 մանդատ՝ «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որի թեկնածու Ջեմմա Հարությունյանն էլ դարձավ համայնքապետ։

ՔՊ-ականները նշում են, որ 9 մանդատով անհնար է տեղական իշխանություն ձևավորել, սա օրենքի կոպիտ խախտում է, ձայների 2/3-ը չի ապահովվել։

Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը շաբաթ օրը նիստ է գումարել ՝ քննարկելով ՔՊ-ի ավագանու մանդատներից հրաժարվածների բողոքը (դիմումատուներն այն ներկայացրել էին փաստաբանի միջոցով) անվավեր ճանաչելու Ամասիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Նրանք իրենց դիմում-բողոքն ուղարկել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը հասցեագրել է թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովին։ Հանձնաժողովը նրանց բողոքը մերժել է։

Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ՔՊ-ականները պնդում են, որ ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ, 2/3-ը չի ապահովվել, սակայն դա այդպես չէ․ իրենք 15 մանդատ են բաժանել, իսկ մանդատների բաշխման արդյունքում ձևավորվել է ավագանին։ Ըստ Արթուր Խաչատրյանի, եթե անգամ ՔՊ-ականները իրենց մանդատները չեն վերցրել, միևնույնն է՝ բաշխված 9 մանդատը 50 պլյուս մեկ տոկոս է կազմում, որով Ամասիայի ավագանին լիարժեք քվորում ունի։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենք մերժել են պահանջը՝ այն հիմնավորելով օրենքի կետերով։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց նաև Ամասիայի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանի հետ։

Մեր ճշտող հարցին, թե չէի՞ք դիմել վարչական դատարան ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, Մերգել Ղարիբյանն ասաց․ «Դիմել էինք, դատարանը սպասում էր ընտրատարածքային հանձնաժողովի որոշմանը, ամենայն հավանականությամբ դատարանը հենց վաղը նիստի օր կնշանակի։ Մենք պնդում ենք, որ ձայների 2/3 չի ապահովվել ու պահանջում ենք նոր ընտրություններ»։

Հիշեցնենք, որ վերախոշորացված Ամասիայի համայնքապետ ընտրված 71-ամյա Ջեմմա Հարությունյանը Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարն էր, «Աշոցք ճանշին»-ի ղեկավար Մարսել Կարապետյանի կինն է։

Կարապետյանների ընտանիքը Հայաստանի մեծահարուստներից է, նրանց է պատկանում մասնավորապես Ամասիայի «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը, նրա տեգրը՝ Գենիկ Կարապետյանը «Հին Արենի» գինու գործարանի, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի սեփականատերն է։

Իսկ 38-ամյա Մերգել Ղարիբյանը Արփի համայնքի ղեկավարն էր, նրան բնութագրում են որպես աշխատասեր, պահվածքով համեստ երիտասարդի, որի նշանակմանն ամասիացիներից շատերը դեմ են եղել այն պատճառով, որ նա տեղացի չէ, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղից է։

Մերգել Ղարիբյանը հաստատել էր մեր այս տեղեկությունը՝ նշելով․ «Ամասիա համայնքում, այո՛, կան այդ խոսակցությունները, բայց մի բան պիտի ասեմ, մենք էլ նույնպես Ամասիայից ենք ու մեզանից լավ ամասիացի չի էլ կարող լինել։ 30 տարի մենք էլ բնակվում ենք Ամասիայում, Ամասիայում ծնված մարդիկ կան, որոնք 30 տարի չեն էլ բնակվում իրենց ծննդավայրում, խնդրում եմ՝ ասե՛ք, ինձանից լավ ամասիացի կարո՞ղ է լինել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31