«Չգիտես ինչու՝ Վաղարշակ Հակոբյանը ՄԻՊ թեկնածուի ընտրությունների ժամանակ եկավ այստեղ ու անցյալից խոսեց, խրամատները հիշեց․․․դուք առաջնագիծ գնացե՞լ եք ընդհանրապես․․․հավանաբար, առաջնագիծը հիմա շատ ամուր եք տեսնում։ Իսկ նախկինում ի՞նչ պատկերացումներ ունեիք առաջնագծի մասին, դուք ծառայե՞լ եք իսկապես»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանին, որը ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ խոսել էր նաեւ նախկինների ժամանակ խրամատների վիճակից, 80-ականների զենքերից՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա կրկին հարցրեց ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանին․ «Պարոն Հակոբյան, ծառայե՞լ եք։ Չեք ծառայել, դրա պատասխանն այո է կամ ոչ։ Չծառայած լինելով՝ եկել եք այստեղից ասում եք, թե խրամատներն այսինչ վիճակում են եղել։ Դա ասելու համար պետք է հասկանալ, չէ՞․․․հստակ դիրքորոշում կարող է հայտնել նա, ով ծառայել է։ Նախկինի սխալներից անընդհատ խոսելը ճիշտ չէ այն իրավիճակում, երբ մենք այսօր Արցախի կորստի առաջ ենք, երբ Սյունիքը վտանգված է։ Ես ունեցել եմ Արցախ-հայրենիք, որտեղ գնացել եմ անխոչընդոտ, իսկ հիմա ստիպված եմ մի քանի տեղ կանգնել ու ապացուցել, թե ով եմ, իսկ Սյունիք հասնելու համար այլ ճանապարհով եմ գնում։ Տպավորություն կա, որ հայրենիքի մասին ձեր պատկերացումները շատ ուրիշ են, տարբերվող են։ Շիրազը գեղեցիկ բանաստեղծություն ունի՝ «ո՞րն է, բաբո, մեր հայրենիքը»․․․հիմա հարց ունեմ՝ կներեք, որ ձեր անունը կրճատում եմ։ Հիմա ո՞րն է, Վաղո, քո հայրենիքը․․․»։
Կարդացեք նաև
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կոչ արեց խորհրդարանում իրար դիմել ազգանուններով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ