«Ցանկացած սահմանափակում չի կարող միանշանակորեն ընդունվել, դա բնական է, բայց 2021 թվականի ընթացքում մեր կողմից կիրառված փոքրաթիվ սահմանափակումները շատ կարեւոր ազդեցություն են ունեցել համավարակը կառավարելու եւ պատվաստումները խթանելու, հանրային իմունիտետի շերտ ստեղծելու համար, որը պետք է մեզ պաշտպանի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ հունվարի 22-ից կիրառվող սահմանափակումները՝ հանրային փակ վայրերում մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում, ինչը հանրության շրջանում մտահոգություն է առաջացրել, որ անձնական տվյալներ են բացահայտվելու։
Ընդ որում, այս սահմանափակումները չեն տարածվում խանութներ կամ մոլեր այցելելիս, սակայն մոլերի սննդի կետերում մուտք գործելիս պատվաստման հավաստագիրը կամ թեստի պատասխանը պարտադիր է ներկայացնել։ Այս առնչությամբ նախարարն ասաց․«Մոլերի, սննդի խանութների եւ առեւտրի կենտրոնների համար այդ սահմանափակումները չեն գործում, որովհետեւ մենք սկզբունք ենք վերցրել հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների համար դեռեւս չկիրառել այդ սահմանափակումները, եւ դրանք կիրառել ժամանցի վայրերի, հանրային սննդի կետերի համար, որովհետեւ մի կողմից այստեղ վարկման տարածման հնարավորությունը, երբ մարդիկ միասին ճաշում են, շատ ավելի բարձր է, եւ երկրորդը՝ այն առաջնային ծառայությունները, առանց որոնց մարդուն դժվար է պատկերացնել, հնարավորինս այդ ծառայությունները զերծ ենք պահում սահմանափակումներից։ Երեկ մի քանի տեղ եմ այցելել, երեկվանից բազմաթիվ տեղերում դրանք հանգիստ իրագործվում են, տեխնիկական խնդիրներ չկան, քաղաքացիներն իրենց կամքով ցույց են տալիս պատվաստման հավելվածի պատուհանը, եւ օգտվում են ծառայություններից»։
Ըստ նախարարի, տվյալների շտեմարանը վերջին տարիներին անընդհատ ուժեղացվում է՝ պաշտպանական հատվածով․ «Մենք թարմացրել ենք եւ ավելացրել ենք լրացուցիչ սերվերային պահոցներ, ստեղծել ենք նաեւ հավելյալ սերվերային պահոց, որը կարեւոր էլեմենտ է։ Հաջորդիվ Արմեդ համակարգի տարածմանը համընթաց՝ մենք նոր կապիտալ ներդրումներ ենք անում եւ նոր սերվերներ ենք ձեռք բերում՝ ապահովելու մեր քաղաքացիների բժշկական տվյալների պաշտպանված եւ մեկ տեղում լինելու կարեւոր խնդիրը»։
Ճշտող հարցին այսինքն՝ գաղտնիությունը չի՞ խախտվում, նախարարը պատասխանեց․ «Ոչ, որովհետեւ քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները եւ այս պարագայում գաղտնիության հարց չկա: Մեր հավելվածում այնպես է ձեւավորված, որ այն ուղղակի առաջին էջում փաստում է անձի ուղղակի պատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը, հավելվածում անձնական այլ տվյալներ չկան։ Օրենքից դուրս որեւէ սահմանափակում չենք կիրառում։»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ