«Տիկին Գրիգորյան, ստիպված եմ ձեզ հիասթափեցնել։ Դուք ո՛չ տեսական, եւ ո՛չ գործնական հնարավորություն չունեք հասնելու գործող ՄԻՊ-ի կողմից սահմանված բարձր նշաձողին, դա ձեզ համար անհասանելի բարձունք է։ Դուք չունեք մասնագիտական հեղինակություն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Քրիստինե Գրիգորյանին։
«Ընդդիմությունը փորձում է թեկնածուից գնահատական լսել աղաղակող խախտումների մասին, բայց չենք ստանում գնահատական․․․Ձեր ընտրվելու պարագայում մենք չենք ունենա ՄԻՊ, ձեր ընտրվելու պարագայում իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան, այլ ոչ մարդու իրավունքների պաշտպան։ Սա քաղաքական գնահատական է։ Իշխանության հասցեին չհնչեց ձեր կողմից որեւէ գնահատական։ Իշխանության թեկնածուներն իշխանության առաջնահերթություններն առաջ մղելու համար են»։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանն Արթուր Ղազինյանին այսպես պատասխանեց․ «Ես էլ քաղաքական գնահատական տամ՝ դուք այնքան հեղինակություն չունեք, որ գնահատեք ՄԻՊ թեկնածուին»։
Թունյանը, նկատի ունենալով ընդդիմադիր պատգամավորների խոսույթն ու ելույթներն առհասարակ, կոչ արեց քննադատելիս չարության, ատելության չափաբաժինը չանցնել․ «Ձեր պատգամավորներից մեկը մեկ օրում երեք անգամ ստատուս է գրում հարսանիքի մասին եւ հաճույքով կարդում մեկնաբանությունները։ Եկեք դուրս գանք այդ ոճից, քննադատենք, բայց սահմանները չանցնենք կոռեկտության, որովհետեւ դա ձեզ ոչ մի լավ տեղ չի տանի»։
Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ այսպես արձագանքեց Ղազինյանի որակումներին․ «Հարգանքից ու հեղինակությունից խոսում է մեկը, որին 15 անգամ մերժել են պաշտոնի համար, մեկը, որը չի կարողանում լեզու գտնել իր գործընկերների հետ։ Նա տեղյա՞կ է, թե իր խմբակցությունն ինչպես է վարվում իր հետ, երբ նա մերժվում է 15 անգամ։ Պարոն Ղազինյան, ձեր նշաձողին ոչ ոք չի կարող հասնել։ Դուք մերժվածի ամենաբարձր «պլանկան» ունեք ԱԺ-ում։ Կնոջ հետ խոսելիս խորհուրդ եմ տալիս այլ հռետորաբանություն ընտրել։ Ո՞վ եք դուք, որ գնահատեք մասնագիտական հանրույթի հարգանքն ու հեղինակությունը, ձեր միակ ձեռքբերումը երեւի ձեր ազգանունն է, որն իրավաբանական հանրույթում բավականին հայտնի է: Ես Ձեզ կոռեկտության կոչ եմ անում»։
Ապա Վաղարշակ Հակոբյանը դահլիճում նստած Քրիստինե Գրիգորյանին դիմեց ու խորհուրդ տվեց «պապայի բալաների» գնահատականներին ու վիրավորանքներին թեթեւ վերաբերվել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ