Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին իսկ վայրկյանից փորձում են սոցցանցերով ու ԱԺ ամբիոնից նորապսակների կյանքը վերածել դժոխքի»․ Լուսինե Բադալյան

Հունվար 24,2022 13:54

ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ամբիոնից միացրեց ՊՆ Սուրեն Պապիկյանի՝ ավելի վաղ արված հայտարարություններից մեկը, որով նա դատապարտում էր կորոնավիրուսի պայմաններում հարսանիքների անցկացումը։ Նկատի ունենալով այն փաստը, որ նախարարն օրերս ամուսնացել է, Մանուկյանը նշեց․ «Մարդ, ով երեք տարի առաջ կերազեր ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին։ Մարդ, ում քաղաքական թիմի ու այդ թիմի առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերվեց, հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, իսկ նրանց զգալի մասը զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը։ Նա, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնակցել են հարսանիքի։ Հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին։ Հարսանիք, որն արվում էր այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս։ Հարսանիք, որն իրականացվում է ժամանցի վայրեր առանց պատվաստման QR կոդի կամ ՊՇՌ բացասական թեստի մուտք գործելու առողջապահության նախարարի չտրամաբանված արգելքի պայմաններում»։

 

Պատգամավորը հավելեց․ «Հարսանիք, որից կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում և որի վերաբերյալ ծպտուն անգամ չեն հանում իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող, օտարերկրյա ֆինանսավորմամբ դայլայլող հասարակական կազմակերպությունները»։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Լուսինե Բադալյանն այսպես արձագանքեց․ «Մինչեւ բոլորովին վերջերս ամուսնացող մարդկանց շնորհավորում էին, երջանկություն մաղթում․․․Ամուր ընտանիքն ամուր պետության ամենակարեւոր օղակն է։ Այսօր նոր կազմավորվող ընտանիք ունենք։ ՀՀ պաշտպանության նախարարն ամուսնացել է, եւ առաջին իսկ վայրկյանից փորձում ենք սոցցանցերով եւ, ուշադրություն, ԱԺ ամբիոնից նորապսակների կյանքը վերածել դժոխքի։ Պարոն Պապիկյան, ես ձեզ մաղթում եմ ամուր ընտանիք եւ առողջ երեխաներ, իսկ հաշվապահությունը թողնենք ընդդիմությանը։ Դա նրանց մոտ շատ լավ է ստացվում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31