Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի հրաժարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից, պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն. 5165

Հունվար 24,2022 13:47

«5165 շարժման» հայտարարությունը Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին: Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, որ պետության ղեկը գտնվում է ապիկար և ազգային-պետական շահերի դեմ գործող քաղաքական խմբավորման ձեռքին:

Ենթադրում ենք, որ անակնկալ այս որոշման պատճառները թաքնված են մակրոտարածաշրջանային, նույնիսկ գլոբալ փոխակերպումների և դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մեջ, հանգամանքներ, որոնց քաջատեղյակ է Արմեն Սարգսյանը՝ ունենալով քաղաքական և դիվանագիտական բավարար փորձառություն, լայն կապեր միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների հետ:

Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից ոչ աշխատանքային օրով և ֆիզիկապես Հայաստանում չգտնվելով հրաժարական տալու հանգամանքը առնվազն տարակուսանք է առաջացնում՝ նկատի ունենալով իր հիմնավորումն այն մասին, որ ՀՀ նախագահը «չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»: Հարկ ենք համարում նկատել, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. այդուհանդերձ այն ժամանակ Արմեն Սարգսյանը հրաժարական չներկայացրեց: Մեր համոզմամբ՝ ՀՀ նախագահի դիրքը կարելի էր Հայաստանի ազգային-պետական շահերին ի նպաստ օգտագործել ոչ թե թեկուզ սահմանափակ լիազորությունները գործադրելով, այլ որպես նախագահ խոսելու, ժողովրդին խոսք ասելու, ուղերձ հղելու միջոցով՝ զգուշացնելու վտանգավոր զարգացումների մասին, տալու գնահատականներ գործող իշխանությունների առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում վարած քաղաքականության, կատարած գործողությունների առնչությամբ, ինչին, ցավոք, ականատես չենք եղել: Այսպիսով, Արմեն Սարգսյանը այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենը ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում ո՛չ վտանգների բովանդակության, ո՛չ դրանց ծագման աղբյուրների, ո՛չ գործող իշխանությունների՝ դրանց դիմակայելու անընդունակության կամ չցանկության մասին:

Արմեն Սարգսյանի հրաժարականը գուցե տրամաբանական լիներ, երբ իր նշած փոխզսպումների և հակակշիռների համակարգ նախատեսող սահմանադրությունն արդեն ընդունված լիներ:

Ուստի, նախագահի պաշտոնից հրաժարական տալու Ա. Սարգսյանի փաստարկները ևս մեկ անգամ համարելով չհիմնավորված և հրաժարականը գնահատելով որպես անընդունելի փախուստ պատասխանատվությունից՝ պահանջում ենք նրանից պարզ, բաց և լիարժեք բացատրություններ իր կայացրած որոշման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31