Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդար դատական գործընթացի որեւէ ակնկալիք չունենք՝ դատարանի այս կազմով». Դավիթ Գալստյանի պաշտպան

Հունվար 24,2022 13:43

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը կբողոքարկի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը (լուսանկարում)։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Պաշտպանները միջնորդել են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Նախկին նախարարի համար երաշխավորել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար էլ փաստաբանները միջնորդել էին կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ. գրավի չափն էլ թողնվել է դատարանի հայեցողությանը։

Դատարանը որոշեց, որ Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավոն») եւ մյուսները կմնան կալանքի տակ, իսկ Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ գործով անցնող մեղադրյալներ կան, որոնք պաշտոն են զբաղեցնում եւ կարող են գործի քննությանը խոչընդոտել, հետեւաբար, որքանո՞վ է տրամաբանական, որ Դավիթ Տոնոյանը մնա կալանքի տակ, Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն արձագանքեց՝ այդ հարցն իրենք բարձրացրել են նաեւ դատարանում. «Լիովին անտրամաբանական է։ Ոչ ոք չի ցանկանում, որ ազատության մեջ գտնվող անձինք կալանավորվեն։ Հակառակ մոտեցումն ենք խնդրում, որ կալանքի տակ գտնվող անձանց նույնպես հնարավորություն տրվի ազատության մեջ գտնվելու՝ հաշվի առնելով նաեւ, որ որեւէ պաշտոն այլեւս չեն զբաղեցնում»: Պաշտպանը նկատի ունի ոչ միայն ԳՇ պետ Արտակ Դավթյանին, այլ այս գործով անցնող եւ ազատության մեջ գտնվող այլ անձանց:

Դավիթ Գալստյանի պաշտպանն էլ հայտարարեց, որ ի սկզբանե իրենք խնդիր էին հնչեցրել՝ կապված մակագրության հետ. «Մենք ասում էինք, որ սա օրենքով ստեղծված դատարան չէ: Սրանից բխում էր, որ մենք ակնկալիք չունեինք դատարանի կողմից արդար ու անաչառ որոշման: Մեր այդ մտավախությունները հաստատվեցին: Չհաստատվեց այն հանգամանքը, որ մակագրությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Այս պահի դրությամբ, մենք արձանագրում ենք, որ անկախ ու անաչառ դատարանի հետ գործ չունենք, այս պահից սկսած, մենք այլեւս արդար դատական գործընթացի որեւէ ակնկալիք չունենք՝ դատարանի այս կազմով»: Ըստ նրա, անօրինականությունների այն շղթան, որը իրականացվեց նախաքննության ընթացքում, հիմա էլ այդ շղթայի մաս կազմեց նաեւ դատարանը:

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն պաշտպանական խումբը մեկ անգամ արդեն ներկայացվել է, այն մերժվել է: Պաշտպանական կողմը կքննարկի այլ հիմքով նոր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը: Հիմքի առկայության դեպքում, միջնորդություն անպայման ներկայացնելու են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31