Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ Արմեն Սարգսյանը իր հրաժարականը տվել է դրսից, չգիտեմ ինչն է պատճառը, կարծեմ առողջական որեւէ խնդիր չունի». Սեյրան Օհանյան

Հունվար 24,2022 13:16

«Բարդ իրավիճակում ենք գտնվում ու վերջին 3 տարիներին ՀՀ նախագահի գործունեության դիտարկումները կամ անգործունեության, թույլ են տալիս եզրակացնել, որ նա իր պարտականությունները լիարժեք չի կարողացել իրականացնել»,- նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին այսպիսի գնահատական տվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա ասաց, որ որքան էլ Արմեն Սարգսյանը հղում անի Սահմանադրությանը, իր ու իր ընտանիքի նկատմամբ վերաբերմունքին, այնուամենայնիվ, նա հանդիսանում է ՀՀ գլուխը, արարողակարգային եւ ուղղակի պարտականություններ ուներ Սահմանադրությունը պահելու, ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու տեսանկյունից. «Նա իր պարտականությունները չի կատարել, կարող էր զսպել ու թույլ չտալ լուրջ թերություններ ՀՀ-ում: Օրինակ, նրա լուռ համաձայնությամբ կամ նաեւ կառավարության հետ համագործակցությամբ բավականին ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա: Գոնե օրինակ ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերին ազատելը թույլ է տալիս ասել, որ մակերեսորեն են նայել այդ գործընթացին»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ պարգեւատրման հարցում են թերություններ եղել՝ մեդալներով ու կոչումներով օժտելիս. «Նաեւ արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին ու նա խուսափում է այդ ամենից: Նրա հրաժարականից հետո հնարավորություն է ստեղծվում, որ նախագահական նոր ընտրություններ լինեն: Այդ ընտրություններում ընդդիմադիր դաշինքը իր խոսքը կասի»:

Հարցին՝ թեկնածու առաջադրելո՞ւ եք՝ նա պատասխանեց, որ քննարկումներից հետո կպատասխանեն, բայց ՀՀ նախագահը պետք է լինի մեծ հեղինակությամբ անձ, որը ընդունելի է ՀՀ-ում եւ սփյուռքում:

Սեյրան Օհանյանն ասաց, որ վերջին ժամանակահատվածում նախագահի գործունեությունը պետականության ամրապնդման հետ կապ չի ունեցել ու չի կարող ասել, որ Արմեն Սարգսյանը որեւէ գործունեություն է ծավալել. «Ցավում եմ, որ Արմեն Սարգսյանը իր հրաժարականը տվել է դրսից, չգիտեմ ինչն է պատճառը, կարծեմ առողջական որեւէ խնդիր չունի: Այսօր մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, որ հանրապետության գլուխն իր պարտականությունները կատարի: Եթե ինքը ապացուցելու ինչ-որ խնդիր ունի՝ հայ ժողովրդի ապագային վերաբերվող, ինքը, ընդհակառակը, պետք է լինի այստեղ, շարունակի իր գործունեությունը»:

Ըստ Սեյրան Օհանյանի, Արմեն Սարգսյանն իր կարողություններն ու գիտելիքներով հնարավորություն ուներ Սահմանադրությունն ուսումնասիրել ու իր պարտականությունները կատարել. «Սա նշանակում է, որ իրենք կա՛մ պայմանավորվածություններ են ունեցել ներկայիս իշխանության, կառավարության հետ, կամ առերեւույթ կարող է պատահի` ճնշումներ են եղել, կամ էլ իր պարտականությունները պարզապես չի կատարել, թերացել է: Իսկ ինչ վերաբերում է նրա հրաժարական տալուն, ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ ներքաղաքական պայմաններ կարող են լինել, կարող են լինել նոր փաստաթղթեր, որից ինքը խուսափում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31