«Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում գործող ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը՝ հատկապես պատերազմից հետո սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության գործում։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ պաշտոնի համար առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Արման Թաթոյանը կարողացել է բարձրաձայնել առկա խնդիրներն ու հակառակորդի հանցագործությունները։ Նա մատնանշել է դրանցից դուրս գալու ելքերը եւ մեր թերությունները, գերատեսչությունների բացթողումները։ ՄԻՊ փոփոխությունից հետո դժվար թե կարողանանք անաչառ գնահատականի արժանացնել թերությունները՝ պետականաշինության, անվտանգության, կադրային քաղաքականության եւ այլ խնդիրներում»,-կարծիք հայտնեց Օհանյանը։
Նրա խոսքով․ «Արման Թաթոյանի կերպարն այն կերպարն է, որը կարող է պատշաճ եւ անաչառ գնահատական տալ եւ միաժամանակ գտնվել պետության կողքին։ Ուժեղ իշխանությունը նման պաշտոնին միշտ առաջարկում է նաեւ ընդդիմադիր կեցվածք ունեցողներին։ Տարիներ առաջ ՊՆ-ին կից հանրային խորհրդի ղեկավար ես նշանակեցի Գեղամ Հարությունյանին, որն ընդդիմադիր էր եւ անաչառ գնահատական կարող էր տալ ԶՈՒ թերություններին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ