Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանալ՝ ինքը ՀՀ-ի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել». Սուքիասյանը՝ նախագահի հրաժարականի, կապիտալի ու բյուջեի վրա նրա տված վնասի մասին

Հունվար 24,2022 12:48

«Մարդը ուզել է՝ հրաժարական է տվել»,- այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսպես բացատրեց նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը:

Հարցին՝ երկրի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում նախագահի հեռանալը անակնկա՞լ չէր՝ նա պատասխանեց. «1996 թվականին նույնպես երկրի համար շատ վճռորոշ ժամանակահատվածում նույնպես հրաժարական է տվել՝ անհայտ պատճառներով»:

Դիտարկմանը, որ Արմեն Սարգսյանը պատճառները մատնանշել է՝ չէր կարող ազդեցություն ունենալ կարեւոր գործընթացների վրա, լիազորությունները բավարար չէին՝ Սուքիասյանն արձագանքեց. «Երբ որ նա ստանձնում էր այդ պաշտոնը, նա գիտեր, որ Սահմանադրությամբ ունի այդ իրավունքները: Հիմա 4 տարի հետո ասել, որ այդպես է…մինչեւ պաշտոնը ստանձնելը նա պետք է Սահմանադրությանը ծանոթանար, թե՞ այս 4 տարվա մեջ է ծանոթացել»:

Սուքիասյանն ասաց, որ նախագահի հրաժարականը միգուցե ակնկալելի էր: Դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը չի բացառում նրա վրա ճնշումների տարբերակը՝ նա պատասխանեց. «Ես բացառում եմ ճնշումները: Իմ ունեցած տեղեկություններով, կամ ինչպես այս ժամանակահատվածը պատկերացնում եմ, կարծում եմ, պատճառը իր անձից է կախված, անձի տեսակից: Պետք է հասկանալ՝ ինքը ՀՀ-ի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել»:

Հարցին՝ իր սրտացավությունը, հայրենասիրությունը կասկածի տա՞կ եք դնում՝ նա պատասխանեց. «Մենք պետք է ուսումնասիրենք ընդհանրապես ցանկացած մարդու կապիտալը որտեղ է գտնվում: Եթե հայ մարդը իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ինչ աստիճան է վստահում եւ ինչ աստիճան է սիրում: 4 տարվա մեջ գնացեք հանեք՝ ՀՀ-ն ինչքան ծախս է արել այդ ինստիտուտի համար ու այդ ծախսերի 1%-ը օգուտ տվե՞լ է ՀՀ-ին»:

Հարցրեցինք՝ նախընտրելի թեկնածու ունե՞ք՝ նախագահի պաշտոնի համար՝ նա պատասխանեց, որ այդ մասին չի մտածել: Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն այնքան դեմոկրատ է, որ նախագահին ավելի շուտ չի ասել՝ «գնա»:

Մեր հարցին՝ նրա հեռանալը նաեւ ահազանգ են դիտում, որ Փաշինյանը պատրաստվում է վտանգավոր փաստաթուղթ ստորագրել ու նախագահը այսպես ուզում է լվանալ իր ձեռքերը՝ Սուքիասյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այդ ինստիտուտն ունի այդ հնարավորությունները, կամ կարելի է դա ինչ-որ քաղաքական գործընթացի հետ կապել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31