Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հրթիռները բոլորը կրակում են, ապա այս մարդկանց մեղքն ինչո՞ւմն է». Ստեփան Գալստյանի պաշտպան

Հունվար 24,2022 12:38

«Նպատակը սա է՝ ցույց տալ, որ հրթիռները եղել են անպիտան եւ պարտության պատճառն այս մարդիկ են եղել, հիմա դուք որոշեք՝ այս գործի մեջ կա՞ քաղաքական ենթատեքստ, թե՞ չկա»,- այսօր դատարանից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Պաշտպանները միջնորդել են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Նախկին նախարարի համար երաշխավորել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար էլ փաստաբանները միջնորդել էին կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ. գրավի չափն էլ թողնվել է դատարանի հայեցողությանը։ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված, իսկ Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց՝ հինգ միլիոն դրամ գրավի դիմա:ց

Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահելու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։ Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, համարում են այն շինծու քրեական գործ։

Այս գործով, ըստ Ստեփան Գալստյանի պաշտպանի, կարեւորագույն հարցն է՝ զենքը պիտանի՞ է, թե՞ ոչ, սակայն, նշանակված փորձաքննությունը չեղարկվել է: Նա հայտարարեց, որ քրեական գործում կան փաստեր՝ օդաչուների ցուցմունքը, որ հրթիռները կրակում եմ: «Եթե հրթիռները բոլորը կրակում են, ապա այս մարդկանց մեղքն ինչո՞ւմն է: Նպատակը սա է՝ ցույց տալ, որ հրթիռները եղել են անպիտան եւ պարտության պատճառն այս մարդիկ են եղել: Հիմա դուք որոշեք՝ այս գործի մեջ կա՞ քաղաքական ենթատեքստ, թե՞ չկա»,- ասաց պաշտպանը:

Նա նաեւ հավելեց, որ դատարանին ներկայացրել են հիմնավորումներ, այն մասին, որ իր պաշտպանյալի մասով կալանավորման հիմքերն իսպառ բացակայում են: «Դատարանին միջնորդեցի՝մեղադրողին հարց տվեք՝ կա՞ գործում Ստեփան Գալստյանին կալանավորելու փաստական տվյալ: Դատախազն ասաց՝ չկա: Բայց դատարանը, ընդհանուր ձեւակերպումներով, բոլոր կալանավորների խափանման միջոցը որոշում է նույնը: Իսկ ինչո՞ւ առանձին չի ներկայացրել, որովհետեւ, այդ դեպքում, դատարանը հիմնավորում չուներ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ սա ՀՀ-ում, որոշ դատավորների կողմից «օրինակելի» վարքագիծ է դարձել՝ հիշեցնելով, որ ԵԴ-ն իր որոշումներում է անգամ նշել է, որ կալանավորման հարցում ՀՀ դատարանները դրսեւորում են կարծրատիպային մոտեցումներ:

Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո», պաշտպանն էլ հայտարարեց. «Այստեղ իրավաբանություն չկա: Մենք, իհարկե, սահմանաված կարգով կբողոքենք: Չեմ ուզում հայտարարել, որ սա քաղաքական որոշում է, բայց գործով բոլոր փաստական տվյալները կային, մարդու խափանման միջոցը փոխելու: Զերծ կման գնահատել՝ քաղաքական որոշում է, թե այլ շրջանակների, բայց գործով նաեւ քաղաքական դեմք է անցնում, չենք բացառում, որ այդ ազդեցությունը լինի»:

Նա ասաց, որ հանրությանը հետայսու ապացուցելու են, որ «մենք ճիշտ էինք, ձեռք բերված հրթիռներն անորակ չէին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31