Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք կարող մանեւրել, դիրքորոշում ասեք»․ պատգամավորը ՄԻՊ թեկնածուին հիշեցրեց իշխանավորների՝ «ադրբեջանական տարածքներ» բնորոշումները

Հունվար 24,2022 12:25

«Խնդրում եմ հստակ, հասցեական գնահատական տալ իշխանության ներկայացուցիչների մտքերին, թե մեր երկրում կան ճանապարհներ ու տարածքներ, որոնք չեն պատկանում Հայաստանին։ Սա այն դեպքում, երբ սահմանագծում եւ սահմանազատում չի կատարվել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Քրիստինե Գրիգորյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Քրիստինե Գրիգորյանը նախ նշեց․ «Սահմանագծումն ու սահմանազատումը շատ բարդ գործընթաց են ու ունեն նաեւ քաղաքական բաղադրիչ, բայց ԵԱՀԿ պրակտիկան դիտարկելիս ակնհայտ է, որ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես դիտարկվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, ուստի, անորոշ ասել՝ «ճանապարհները» կամ «ինչ-որ մարդիկ ասում են»… իմ մոտեցումն այն է, որ ցանկացած գործընթացում ՄԻՊ-ը պետք է ներկա լինի»։

Թեկնածուն մատնանշեց նաեւ՝ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց եւ նրա իրավունքներից, բայց անվտանգության գոտու գաղափարը չպետք է ֆետիշացնել։

Աննա Գրիգորյանը չհամաձայնեց․ «Եթե իրավունքների պաշտպանության վրա հիմնված անվտանգության գոտու ստեղծումը ձեր սկզբունքային դիրքորոշումն է, ապա ձեր համար պետք է լիարժեքորեն դատապարտելի լինեին այն հայտարարությունները, որոնք մեր տարածքները համարում են ադրբեջանական։ Դուք չեք կարող մանեւրել, պետք հստակ դիրքորոշում ունենաք։ Սկզբունքայնության շնորհիվ է, որ ՄԻՊ-ը հեղինակություն է ձեռքբերում հանրության մեջ։ Եվս մեկ հնարավորություն եմ տալիս ասելու։ Իշխող պատգամավորների հայտարարություններին պետք է հստակ գնահատական տալ»։

Քրիստինե Գրիգորյանն արձագանքեց․ «Մանեւրելու նպատակով չեմ եկել, այլ լուծումներ գտնելու։ ՄԻՊ-ին տրված օրենսդրական երաշխիքները բավարար են՝ որեւէ հայտարարություն անելու համար, բայց հայտարարությունը չպետք է միակ գործիքը լինի»։

Աննա Գրիգորյանը նաեւ հետաքրքրվեց՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն։ ՄԻՊ թեկնածուն պատասխանեց, որ ըստ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, եւ ինքը համաձայն է այդ դիրքորոշման հետ։

Աննա Գրիգորյանն ի պատասխան պնդեց, որ Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանը օրենքով սահմանված սոցիալական աջակցություն է տրամադրել քաղաքացիներին, ինչը մեկ անձի ցուցմունքի հիման վրա համարել են կաշառք, հետո ցուցմունքը հետ է վերցվել, բայց Առուշանյանը մնում է կալանավորված․ «Նա քաղբանտարկյալ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31