Հունվարի 17-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունեց 2022 թվականի համար 1,5 միլիարդ եվրոյի հումանիտար օգնության նախնական տարեկան բյուջեն: Այս ֆինանսավորումը կօգնի ամբողջ աշխարհում հակամարտություններից, բռնություններից և բնական աղետներից առավել տուժածներին:
«Մարդասիրական կարիքները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և շարունակում են աճել: Սա հիմնականում պայմանավորված է հակամարտություններով, բայց արդեն ավելի հաճախ՝ գլոբալ մարտահրավերներով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և COVID-19-ը։ Մեր մարդասիրական ֆինանսավորումը ԵՄ-ին թույլ կտա ներդնել իր լուման և շարունակել փրկել կյանքեր ու հոգալ տուժած բնակչության հիմնական կարիքները»,- նշել է Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
2022 թվականի համար նախատեսված ԵՄ մարդասիրական օգնությունից, ընդհանուր առմամբ 152 միլիոն եվրոն կուղղվի Հարավարևելյան Եվրոպայում և Եվրոպական հարևանության երկրներում, մասնավորապես՝ Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների և Կովկասի ճգնաժամերին, ինչպես նաև Թուրքիայում սիրիական ճգնաժամի հետևանքներին ուղղված նախագծերի ֆինանսավորմանը։
Բոլոր տարածաշրջաններում ֆինանսավորման տասը տոկոսը կհատկացվի արտակարգ իրավիճակներում կրթությանը, որպեսզի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն ընձեռվի շարունակել իրենց ուսումնառությունը:
Կարդացեք նաև
1,5 միլիարդ, եվրոյից ընդհանուր առմամբ, 370 միլիոն եվրոն կօգտագործվի չնախատեսված ճգնաժամերի կամ գոյություն ունեցող ճգնաժամերի հանկարծակի սրացումների, ինչպես նաև այլ գործողությունների համար:
ԵՄ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում 1992 թվականից՝ ավելի քան 110 երկրներում՝ ամեն տարի ձեռք մեկնելով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց: ԵՄ օգնությունը տրամադրվում է բացառապես մարդասիրական գործընկեր կազմակերպությունների միջոցով, ներառյալ ՄԱԿ-ի գործակալությունները, ոչ կառավարական կազմակերպությունները և Կարմիր Խաչի ընտանիքը:
EU NEIGHBOURS east