Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի, կորոնայի տարում ավելի շատ ենք հանքանյութ, գորգ ու ալյուր արտադրել, քան՝ անցյալ տարի

Հունվար 24,2022 14:00

Հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալներն 2021 թվականին դրան նախորդող տարվա համեմատությամբ նվազել են: Անցյալ տարի մոտ մեկ տոննայով ավելի քիչ պղնձի խտանյութ ենք արտադրել, քան՝ 2020-ին: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Ցինկի խտանյութը եւս 2021-ին զգալի պակաս է արտադրվել. Եթե նախանցյալ տարի արտադրվել է 12 հազար 62 տոննա ցինկի խտանյութ, ապա անցյալ տարի՝ 9 հազար 690 տոննա: Մոլիբդենի խտանյութերի արտադրությունը նույնպես մոտ 2 հազար 200 տոննայով պակասել է: 2020-ին մեր երկրում 22 հազար 715 տոննա մոլիբդենի խտանյութ է արտադրվել: Տուֆի արտադրությունն էլ 2020-ի համեմատությամբ կրճատվել է գրեթե կիսով չափ: Անցյալ տարի տուֆի արտադրության ծավալները կազմել են 44 հազար 446 տոննա, 2020-ին կրկնակի՝ 87 հազար 468 տոննա: Անցյալ տարի տորֆ ընդհանրապես չի արտադրվել, բայց դրան նախորդող տարում՝ 46 հազար տոննա: Ավազի, խճի ու կավի արտարության տարբերությունն էլ 2020 թվականի համեմատությամբ 29 հազար տոննայի է:

Սննդի արտադրության մասով պատկերն այլ է. Թարմ կամ պաղեցված թռչնամիս անցյալ տարի ավելի շատ է արտադրվել, քան՝ 2020-ին: Եթե 2021-ին արտադրվել է 13 հազար 453 տոննա թռչնամիս, ապա նախանցյալ տարի՝ 12 հազար 675 տոննա: Փոխարենը մոտ 500 տոննայով պակաս են եղել խոշոր եղջերավոր կենդանիների թարմ եւ պաղեցրած մսի արտադրության ծավալները: Ոչխարի միսն էլ 2020-ին մոտ 600 տոննայով է ավել արտադրվել: Երշիկեղենն ու համանման սննդատեսակների արտադրությունը 2021-ին կազմել է 12 հազար 464 տոննա, 2020-ին՝ 11 հազար 38 տոննա: Կիսով չափ նվազել է շոգեխաշած մսի արտադրությունը, որը 2020-ին կազմել է 973 տոննա, անցյալ տարի՝ 506 տոննա: Թարմ եւ պաղեցված ձկան արտադրությունը սակայն անցյալ տարի, նախորդող տարվա համեմատությամբ 2 հազար տոննայով ավելին է եղել: Պահածոյացված ձկան արտադրությունը նույնպես աճել է: 4 հազար տոննայով 2021-ին ավելացել է նաեւ մրգահյութերի ու բանջարահյութերի արտադրությունը: Փոխարենն անցյալ տարի 6,5 հազար տոննայով նվազել է պահածոյացված բանջարեղենի արտադրությունը: Մշակված կաթի ու կաթնասերի ծավալները չնչին տարբերությամբ գրեթե նույնն են եղել: Անցյալ տարի այս սննդամթերքից մեր երկրում արտադրվել է 6 հազար 694 տոննա: Պանիր եւ կաթնաշոռն էլ մոտ 500 տոննայով է ավել արտադրվել:

2021-ին 2020-ի համեմատությամբ մոտ 1300 տոննայով ավելի շատ է պաղպաղակ արտադրվել: Ալյուրի եւ աշորայի ցորենի արտադրությունն էլ 40 հազար տոննայով է կրճատվել՝ 2020 թվականի համեմատությամբ: Անցյալ տարի 140 հազար տոննա ալյուր ենք արտադրել: Անցյալ տարի 5 հազար տոննայով էլ հացի արտադրությունն է կրճատվել: 200 տոննայով էլ կրճատվել է շոկոլադի եւ շաքարի հրուշակեղենի արտադրությունը: Փոխարենն ավելացել է կոնյակի եւ վիսկիի արտադրությունը: 2020-ին արտադրել ենք 33 հազար 915 լիտր կոնյակ, 313 լիտր վիսկի, 2021-ին մեր երկրում արտադրվել է 42 հազար 306 լիտր կոնյակ եւ 640 լիտր վիսկի: Օղու, լիկյորի եւ սպիրտային այլ խմիչների արտադրության ծավալները գրեթե նույնն են մնացել: Անցյալ տարի դրանց արտադրության ծավալները կազմել են 3 հազար 898 լիտր:

Մանածագործական իրերի եւ հագուստի արտադրությունը որոշ արտադրատեսակների մասով նկատելի աճել է 2020 թվականի համեմատությամբ: Եթե նախանցյալ տարի արտադրվել է մոտ 56 հազար հատ անկողնային սպիտակեղեն, ապա 2021-ին 121 հազար 600 հատ: Բայց նվազել է գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների ծավալները՝ 2020-ին 6 հազար 700 գորգ ու գորգագործական ապրանք ենք արտադրել, 2021-ին՝ 2 հազար 900 հատ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31