Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Մյուլլեր-Շոփ. «Կարելի էր նույնիսկ առանց փորձի ներկայանալ հանդիսատեսին»

Հունվար 24,2022 13:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով Երեւանում է մեր ժամանակների ամենապահանջված ֆրանսիացի թավջութակահար Դանիել Մյուլլեր-Շոփը։ Դասական երաժշտարվեստի երկրպագուները երաժշտին կմտաբերեն ավելի քան տասը տարի առաջ Քրիստոֆ Էշենբախի նվագախմբի ընկերակցությամբ երեւանյան համերգից։

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 22-ին կայանալիք համերգին թավջութակահարը ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ, մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ կհնչեցնի Դվորժակի հանրահայտ կոնցերտը։ Համերգի գլխավոր փորձի ընդմիջմանը հնարավորություն ունեցանք մեկ-երկու հարց ուղղել թավջութակահարին։ 35-ամյա երաժիշտը համագործակցել է ամերիկյան, եվրոպական, կարճ ասած՝ աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ, որոնք ղեկավարել են այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կուրտ Մազուրը, Լորին Մաազելը եւ այլն։

Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցինք՝ հավանաբար միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էր բացակայում ձեր ելույթների ցանկից։

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ մինչ այցը մեր երկիր, ֆիլհարմոնիկի կողմից հրավերը ստանալուն պես, անմիջապես դիմել է համակարգչի օգնությանը. «Բոլոր հրավերները չէ, որ արվեստագետը կարող է ընդունել։ Բայց ձեր նվագախմբի տեսագրություններին ծանոթանալուց հետո, ինձ համար հայտնաբերեցի այս նվագախումբը, թեեւ, անկեղծ ասած՝ բրիտանաբնակ իմ հիանալի ընկեր Ալեքսանդր Չաուշյանից քանիցս լսել էի նվագախմբի մասին։ Եվ գիտե՞ք ինչը ինձ զարմացրեց. սովորաբար փորձերն ընթանում են նաեւ դիրիժորի եւ մենակատարի միջեւ դիտարկումներով, խորհուրդներով, բայց այստեղ դիրիժորն ու ես նույնիսկ հայացքով էինք իրար հասկանում։ Դա հազվադեպ է պատահում։ Փոքր-ինչ չափազանցված ասեմ՝ կարելի էր նույնիսկ առանց փորձի ներկայանալ հանդիսատեսին»։

Դիտարկմանը՝ ինչպես աշխարհում, այնպես էլ մեզ մոտ՝ ֆիլհարմոնիկի մեկնաբանմամբ, հաճախ է հնչում Դվորժակի կոնցերտը, ընդ որում՝ Երեւանում այն կատարել է նաեւ ձեր պրոֆեսորը՝ Սթիվեն Իսերլիսը, երաժիշտը ընդամենն ասաց, թե շատ պարտավորեցնող լուր հայտնեցինք։

Զրույցի ընթացքում մեր զրուցակիցը քանիցս հիշատակեց Մստիսլավ Ռոստրոպովիչի անունը՝ խոսելով աշխարհահռչակ թավջութակահարի մարդկային որակների մասին. «Դուք իմ պրոֆեսորներից նշեցիք Սթիվեն Իսերլիսին։ Ես ուսանել եմ նաեւ Վոլտեր Նոթասի, Հայնրիխ Շիֆի ղեկավարությամբ, մշտապես ստանալով նրանց աջակցությունը։ Բազմաթիվ մրցանակներս, ի վերջո, նրանց աշխատանքի արդյունքն են։ Բայց առանձնացնեմ մեկը, ինչը տարիներ շարունակ ստացել եմ կրթաթոշակի տեսքով։ Դա հնարավոր դարձրեց հենց մաեստրո Ռոստրոպովիչը։ Ընդ որում, ես նրա մոտ կատարելագործվել եմ ավելի քան մեկ տարի»։

Շնորհակալ արվեստագետը հավելեց նաեւ, որ 2018թ.՝ Գերմանիայի պատմական վերամիավորման առթիվ եւ պրոֆեսոր Ռոստրոպովիչի հիշատակին նվիրված համերգին հանդես է եկել Բախի ստեղծագործությունների կատարմամբ՝ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ, շուրջ 500 հազար հանդիսատեսի ներկայությամբ։ Մեր ֆիլհարմոնիկի գործունեությունը հավանաբար մանրակրկիտ ուսումնասիրած ֆրանսիացի թավջութակահարը հայտնեց, որ տեղյակ է նվագախմբի կողմից 2020-ին՝ Բեթհովենի հոբելյանական տարվա կապակցությամբ կոմպոզիտորի բոլոր սիմֆոնիաների ձայնագրման մասին։

Լուսանկարները` «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 22-ին կայացած համերգից

Լուսանկարները «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 22-ին կայացած համերգից են
Առանց մանրամասնելու էլ հայտնեց, որ ինքն էլ անմասն չի մնացել իր նախընտրած կոմպոզիտորի հոբելյանական տարվա միջոցառումներին մասնակցելուց եւ իր ընկերների հետ՝ լարային կվարտետի կազմում, առաջիկայում կհնչեցնեն ժամանակակից կոմպոզիտոր Վիդմանի 6-րդ լարային կվարտետը, այդպես շարունակելով բեթհովենյան հոբելյանական տարին, որի միջոցառումները համավարակի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել էին։

Դանիել Մյուլլեր-Շոփը մեզ հետ հրաժեշտին հայտնեց, որ Երեւանում շրջապատված է ջերմությամբ եւ ասաց, որ հաջորդ այցին կուզեր ներկայացնել հայ հեղինակի ստեղծագործություն։ Կատակեցինք՝ նման որոշման հանգել է ջերմ ընդունելությունից ելնելո՞վ։
Թավջութակահարը նույնպես կատակեց, ժպիտով ասելով. «Իսկ ինչո՞ւ ոչ… Ինչպես արվեստում, այնպես էլ մարդկային շփումներում անկարեւոր ոչինչ չկա»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31