Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շատ հետաքրքիր զուգահեռներ կարող եմ անցկացնել Արմեն Սարգսյանի այս հայտարարության եւ 1996 թվականին վարչապետի պաշտոնը լքելու որոշման միջեւ». Ռուբեն Մելիքյան

Հունվար 23,2022 23:39

«Այդ հարցը շատ է շահարկվել այս ընթացքում: Իրականում կարեւորագույն հարցերով անգործություն դրսեւորելու համար շատ լավ պատրվակ է մատնանշել, մատով ցույց տալ Սահմանադրությունը եւ ասել, գիտեք, Սահմանադրությունը հնարավորություն չէր տալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ակտիվ էր աշխատում Արմեն Սարգսյանն ու մի՞թե ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելիս ծանոթ չէր նախագահի լիազորությունների սահմանափակ լինելուն, ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ գուցե շատերը մոռացել են, բայց ինքը մի քանի կարեւորագույն դիտարկում-հիշեցումներ ունի Արմեն Սարգսյանին այն մասին, թե ինչպե՞ս նա հրաժարվեց եղած լիազորություններից:

Խոսքը վերաբերվում է սահմանադրական բարեփոխումները ստորագրելու հետ կապված նախագահի լիազորությանը, որից Արմեն Սարգսյանը հրաժարվեց 2020 թվականի փետրվարին. «Խորհրդարանում օրենք ընդունվեց՝ զրկելով հանրապետության նախագահին սահմանադրական բարեփոխումները ստորագրելու լիազորությունից, եւ, կարծեք թե, դա հենց հանրապետության նախագահի ցանկությունն էր, որպեսզի իր ձեռքերը լվանա եւ այդ գործընթացին չմասնակցի»:

Ռուբեն Մելիքյանը նաեւ հիշեցնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը շատ հաճախ իր լիազորությունները կիրառելու փոխարեն ուղղակի անգործություն էր դրսեւորում: Օրինակ, Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հայտնի պատմությունը. «Հանրապետության նախագահը կա՛մ պետք է ստորագրեր այդ հրամանագիրը, կա՛մ պետք է դիմեր ՍԴ: Ո՛չ մեկն արեց, ո՛չ մյուսը: Հետո առաջացավ այդ կազուսը՝ օրենքի ուժով, ապա վարչական դատարաններ եւ այլն: Այդ ամենի պատճառը, կարծում եմ, նաեւ հանրապետության նախագահի աշխատանքում անվճռականությունն էր»:

Այս առումներով մեր զրուցակիցը չի կարծում, որ Հայաստանի սահմանադրությամբ, իբրեւ խորհրդարանական պետություն, նախագահի լիազորությունները սահմանափակ էին: Նա նաեւ նկատում է, որ նման դեպքերում, առհասարակ, հանրապետության նախագահն ունենում է քիչ լիազորություններ եւ մեծ հեղինակություն. «Այդ հեղինակությունը, ցավոք, ձեռք չբերվեց Արմեն Սարգսյանի կողմից»: Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է հին իմաստնությունը՝ «մեկ փախուստին հետեւում է երկրորդ փախուստը». «Շատ հետաքրքիր զուգահեռներ կարող եմ անցկացնել Արմեն Սարգսյանի այս հայտարարության եւ 1996 թվականին վարչապետի պաշտոնը լքելու որոշման միջեւ»:

Մեր զրուցակիցն, ի դեպ, չի կիսում շրջանառվող տեսակետը, թե իր հեռանալով Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար՝ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու լայն հնարավորություն է ստեղծում: Նա չի կարծում, որ Արմեն Սարգսյանն ինչ-որ առումով խոչընդոտ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանին՝ այս պահի դրությամբ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու հարցում, քանի որ նա որեւէ կերպ չէր խանգարում ՔՊ-ի ծրագրերի իրականացմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31