Լրահոս
Օրվա լրահոսը

Չխոսկանը

Հունվար 23,2022 23:28

Զբոսաշրջիկների փոքրիկ խումբը թեթևաքայլ, ակնածանքով ներս մտավ թանգարանի բակ: Հաստաբուն, կիսաչոր ընկուզենուց, որ մուտքի քարակոփ, կամարակապ դարպասի դեմն էր, լսվում էին փայտփորիկի միալար, եռանդուն կտցահարվածները: Քար ու ծառաբուն պատած բաղեղի  մահուդ ծփանքը, ինչպես ջրափնյա սևեռուն պատրանք, այցելուներին դյութել, առել էր պարտեզի գիրկը:

-Էս մարդը խոսում է՜, խոսում է՜, դադար չունի. երեկվանից գլուխս տանում է,-ողջույնս առնելուց հետո վրա բերեց Զորայրը՝ գլխով ցույց տալով պարտիզպանի հետ աշխույժ զրուցող մարդուն,-ոնց որ ռադիո կուլ տված լինի: Զորայրն ընկերս է, պատկերասրահի տնօրեն է  և հաճախ է ցուցահանդեսներ կազմակերպում: Նկարիչ ուղեկցի ցուցահանդեսի բացումից, հնչած գնահատանքից և ջերմ խոսքերից հետո նրան բերել էր թանգարան: Բադերի փոքրիկ ջրավազանի դիմացի նստարանին փառահեղ թիկնած մարդը վաթսունն անց էր՝ կիսաճաղատ, կորաքիթ, բարետես դիմագծերով:  Մարդու զվարթաձայն խոսքն անբռնազբոս էր ու առինքնող: Խմբին, որին միացանք նաև մենք, զբոսավարը հրավիրեց ներս: Հուշասենյակի պատից կախված շրջանակավոր նկարներից մեկը պասպարտուից սահել՝ իջել էր վար: Կին էր պատկերված՝ տարազով, խոժոռ, խստադեմ: Հարթագագաթ գլուխը պսակված էր սևաթույր մետաքսաշալով, տակից՝արծաթե դրամաշար ճակատակալն էր. աջ ու ահյակ՝ գնդաշար քունքազարդը: Արձակ գլխաշորի տակ՝ դեմքի կեսն առնված էր ձիգ, ճերմակ շորի տակ:

Զբոսավարն ինքնավստահ, բազում անգամ արված պատումը կրկին մեկնելով՝ մոտեցավ ու կանգ առավ հենց այդ նկարի դիմաց ու ասաց.

-Սա գրողի մայրն է՝ սյունյաց տարազով:

-Ինչո՞ւ է բերանը շորափակ,-հնչեց բարալիկ, կանացի մի ձայն:

Աշխատակցուհին հապաղուն ժպտաց և մինչ կհասցներ բացատրել, մեկ ուրիշը թե՝

-Վախենում էր թագավարակից,-ասաց ու, շրթունքներն իրար սեղմած, խորամանկ ժպիտով ծիկրակեց խմբին: Աշխուժացան…

-Չխոսկանության սովորույթի պատճառով: Չխոսկանության երևույթը՝ խոսելու տաբուն, մեր ցեղաշխարհ է խուժել, հավանաբար, իսլամից: Եվ հին Հայաստանում, անգամ վաղ միջնադարում, հայոց մեջ կնոջ ու տղամարդու իրավահավասարություն կար: Տասնյակ անդամներից բաղկացած նահապետական ընտանիքում դրությունն այլ էր. կանայք իրավունք չունեին տղամարդկանց, անգամ՝ տարեց կանանց ներկայությամբ խոսել: Եվ այդպես՝ մինչև նոր ժամանակներ…

Հենց այստեղ, զբոսավարի խոսքադադարին, արծվենի հայացքով ընկերոջս նկարիչ ընկերը՝ Դավթակը, բոլորի համար անսպասելի քրքջաց ու գոչեց.

-Աա՜, հիմա հասկացա՜,-բոլորն ապշած նայեցին նրան,-գտա՜, ահա թե ինչու կանայք շա՜տ են խոսում: Ուրեմն, երբ դարեր շարունակ կանանց արգելել են խոսել, ասելիքն ամբարել, կուտակել են, և երբ արտոնել են ազատ խոսել՝տեղը հանում են: Հ՜ա հա՜…

Բոլորը ծիծաղեցին: Միայն Զորայրն էր լուռ: Նա էլ թե.

– Վա՜խ, տնաշեն, քեզանից շատ խոսող կա՞ ես երկնքի տակ, ականջիս մեկն էլ չի լսում՝  էս երկու օրվա մեջ էնքա՜ն ես խոսել-ասաց ու մոլեգին հռհռաց: Խոլական քրքիջ պայթեց: Հանկարծակիի եկած Դավթակի դեմքին մելամաղձ իջավ, խոժոռվեց, մթնեց: Աշխույժը քրքջաձայնի հետ ալիքվելով՝ չքացավ: Էքսկուրսիայի ավարտից հետո անխոս դուրս եկանք բակ: Ամենքը գնացին իրենց գործին: Դեռևս իրենց անելիքը չորոշած, շփոթ ու շիվար Զորայրին ու Դավթակին հրավիրեցի թեյախմության:

Ինքնաեռի  կրակի ճարճատյունին համընթաց՝ թախիծը փախ տվեց Դավթակի ոգու դարպասի շեմից: Թավ հոնքերի տակ խաղացկուն աչքերը տիրական էին՝ նվաճուն: Կենսազգաց էր, խոսքը՝ բարեկիրթ, ազնվական: Ուզում էիր անընդհատ լսել: Բայց մի տեսակ խոսելու կիրք կար այդ խորհրդավոր մարդու մեջ: Փութաջան հետևելով կրակին՝ մի քանի փայտիկներ ևս ավելացրեց ու, ձեռքն առնելով սեղանին դրված չոր թեյախոտերով լի պղնձե սկուտեղը, չդադարող խոսքը փոխեց.

-Հա՛, էս ի՞նչ է՝ ուրց, սարի քրիզանթեմ ՝ սա, էս մեկը ինչ է՝ …զիռա կամ քիմոն ու, չսպասելով պատասխանի, փոխեց թեման, անցավ ինքնաեռին՝ Товарищество Ботащев!, իսկ երբ սեղանին հայտնվեց մուրաբան, ասաց.

-Լսիր՝ մի բան պատմեմ մուրաբայի մասին: Ու գնաց… պատմում էր մուրաբայի մասին մի զավեշտական պատմություն՝ մուրաբա եփելու համար հարևանից լատունե կոնքը խնդրելու համար ուղարկված երեխան ետ է գալիս այսպիսի պատասխանով՝ մորաքույր Թամամն ասաց, որ դեռ ոտքերը չի լվացել նրանում, երբ դա կանի, նոր կտա այն…

Ինքնաեռը թույլ սուլեց, թեյը պատրաստ էր: Զույգ կանթերից բռնած, դրեց  այն սեղանին: Ալպիական  ծաղկածուփ  տափարակի նման բուրեց տաղավարը: Սկսեցինք թեյել: Մեխլիորե բաժակակալի կոթն առած, Դավթակը հանդիսավոր հոտոտեց թեյը, մեծ կում առավ. դժվարությամբ, սեղմված կոպերով կլլեց կեղծ հեղուկն ու մի պահ աչքակապ քարացավ: Ապա՝ ծանրորեն բացեց կոպերն ու ակնապիշ, փոխնիփոխ սևեռվեց մեր աչքերին ու ասաց.

-Ես գիտեմ, որ շատախոս եմ. դրան, գուցե, գործիս  բնույթն էլ է նպաստել՝ դասախոս եմ: Բայց, հո, բոլոր դասախոսները չեն շատախոս: Չէ, դա չէ բուն պատճառը: Աստծո գործ է, այդպես եմ կարծում, բարեկամներս,-ասաց ու խորհրդավոր ժպտաց : Ներողամիտ ըմբռնումով, մինչ կժպտայինք խոսքի ընթացիկ զեղման համար, շարունակեց.

-Գուցե անհավատալի թվա, բայց ես խոսել սկսել եմ պատանեկությունից հետո միայն: Ծնողներս մանկավարժներ էին և վաղուց –վաղո՜ւց համակերպվել էին լալ որդի ունենալու  դառը ճակատագրի հետ…

Հազիվ արտաբերած ճապաղ խոսքերս միայն մայրս էր հասկանում ու հաճախ ցավագնորեն կմկմիկ էր կոչում ինձ: Դպրոց տարան լուռ ու համրիս: Գիտեին, որ խոսել չգիտեմ, արդեն շրջապատս հարմարվել էր, պարզապես կանոնավոր հաճախում էի ընդամենը:

Տասը տարվա ընթացքում ուսուցիչներս ծպտունս անգամ չլսեցին: Գրել հեշտությամբ սովորեցի. գեղեցիկ ձեռագիր ունեի, թերևս, լավագույնը դասարանում: Օրեցօր բացվող նկարչական շնորհս ծնողներիս միակ սփոփանքն էր: Միջին դասարաններում ավելի սուր էի զգում թերի էությունս: Կցկտուր ջանում էի հաղորդակցվել դասընկերներիս հետ: Հաճախ էի կանգնում հայելու դիմաց ու ճգնում բառեր արտաբերել. երգելով, երգելով-երկարացնելով՝ ջանում էի խոսել. մի բառը երկար ասում էի: 14-15 տարեկանում քիչ առաջընթաց  ունեցա, բայց, նույնիսկ, ընկերներիս հեռախոսազանգերին մայրս էր պատասխանում: Հասարակության մեջ տարիքիս համընթաց ահավոր վատ էի զգում: Դա մի տարիք էր, որ քեզ մի աղջիկ պիտի դուր գար ու նա էլ պիտի իմանար, որ դու խնդիր ունես: Ծնողներս, ակնհայտորեն, մյուս եղբորս առավել էին սիրում: Ձեռքերը անհուսալիիցս վաղուց էին լվացել: Լավ հագուստ-կապուստն առաջինը նրանն էր: Երեքներով հազիվ ավարտեցի դպրոցը: Ի զարմանս բոլորի՝ ընդունվեցի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան. ախր, լավ էի նկարում: Աստված որ մի տեղից կտրում է, այլ տեղից տալիս է: Վա՜յ նրան, ում Աստված չի տալիս: Չավարտած՝ տարան բանակ: Ա՛յ,  էստեղ էր շրջադարձը…

Զորայրն անհանգիստ տեղում շուռ ու մուռ արեց: Դավթակին սևեռված հայացքը, կարծես, ճիգով պոկեց ու բերանաբաց ապշանքով բևեռվեց աչքերիս: Փախցրի հայացքս:

– Հետս հայեր կային,-շարունակեց նա այլևս ոգևորված,- լեզուս բացվեց: Անգամ ռուսերեն խոսել էլ սովորեցի: Երբ մեկ տարի հետո արձակուրդ եկա, մերոնք  ապշել էին. համարյա անարգել խոսում էի: Տևական պղտոր տրամադրությանս սպանիչ հիշողությունն աղոտեց ու մեղմվեց: Մանր ու ամուլ երազներս մնացին անցյալում: Երբ ավարտեցի ծառայությունս, բաղձալի դեգերանքս այլևս կատարված էր: Երբ բացվեցի՝ նկարչության մեջ,  գիտության մեջ, տարիներով կուտակվածը ժայթքեց: Ոնց որ  բանտում շղթայվածին բաց թողնես, ազատություն տաս: Ու իմ շրջապատը զարմացած էր, թե ինչպես դպրոցը երեքներով ավարտածիս հաջողվեց ինստիտուտը կարմիր դիպլոմով ավարտել, ասպիրանտուրայում սովորել, գրքերի հեղինակ դառնալ, հասկանու՞մ եք, դոկտոր դառնալ: Դա հենց էդ փակված երկու տասնամյակի եռանդուժի հորդումն է եղել: Ամեն ինչ այնքա՜ն հեշտ էր տրվում ու յուրացվում, որ ես էլ էի զարմանում: Տասը տարի առաջ էլ, երկար դադարից հետո, սկսեցի կրկին նկարել: Նկարիչների միության անդամ եմ ու աշխարհի տարբեր կողմերում բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել:

Դե, ինչպես տեսնում եք, իմ կրտսեր բարեկամներ, ես այնքան էլ վատ չեմ խոսում, հը՞, ի՞նչ կասեք,-ասաց ու մեխանիկորեն կողքանց նետեց արդեն սառած թեյը: Թեյի հետ բաժակն էլ թռավ. ցանցկեն բաժակակալը մնաց ձեռքին: Պահանջուն կեցվածքը փոխարկվեց հայցման:

-Դավթա՛կ ջան, կներես, որ հանդիմանել եմ, թե՝ մի քիչ քիչ խոսա: Մինչև առավոտ խոսա է՜, խոսա, բեր տեղը լրացրու,-պահը որսալով՝ մեղավոր տոնով վրա տվեց Զորայրն ու նրան մեկնեց լցված նոր թեյաբաժակը:

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31