Այս ուտեստը պատրաստելու համար կարող եք վերցնել պաստայի (մակարոնեղենի) ցանկացած տեսակ՝ սպագետի, ռիգատոնի, ֆարֆալե, ֆուզիլի եւ այլն: Պահածոյացված թյունոսն (тунец)- ը ցանկալի է լինի սեփական հյութի մեջ: Ներքեւում բերված է 4-5 հոգու համար նախատեսված չափաբաժին, եթե ավելի քիչ մարդու համար եք պատրաստում, բնականաբար, քչացրեք չափաբաժինը:
Անհրաժեշտ մթերքները
Պաստայի ցանկացած տեսակ- 500 գրամ (1 տուփ)
Պահածոյացված թյունոս- 300-350 գրամ (2 տուփ)
Կարդացեք նաև
Բուսական յուղ- 5-6 ճաշի գդալ
Գլուխ սոխ -1 գլուխ
Սխտոր-3-4 պճեղ
Լոլիկ- 2 հատ խոշոր կամ 10-12 հատիկ չերրի տեսակի
Կիտրոն- կես հատ
Կանաչ ձիթապտուղ – 10-15 հատիկ
Կապար (каперсы) -10-15 հատիկ
Սեւ պղպեղ
Կծու կարմիր պղպեղ (կարող եք վերցնել ինչպես թարմը, այնպես էլ՝ չորացրածը)
Թարմ մաղադանոս-մի քանի ճյուղ
Կարագ- մեկ ճաշի գդալ (պարտադիր չէ)
Պատրաստման եղանակը
Կաթսայով լիքը ջուրը դրեք տաքանալու՝ պաստայի համար: Նույն ընթացքում թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը:
Կտրատած սոխը լցրեք տաքացրած ձեթի մեջ, մեկ րոպեից ավելացրեք սխտորը, ապա՝ կտրատած լոլիկը, կիտրոնը: Երբ լոլիկը մի փոքր տապակվի, ավելացրեք կապարն ու զեյթունը (կարող եք դրանցից որեւէ մեկն ավելացնել, եթե մյուսը չունեք):
Կապարը (каперсы) վաճառվում է մեր սուպերմարկետներում՝ ինչպես աղ դրածը, այնպես էլ՝ մարինացվածը: Կանաչ ձիթապտուղը, եթե կորիզով է, ապա նախապես կորիզները հեռացրեք:
Հենց կաթսայի ջուրը եռա, ավելացրեք մեկ լիքը ճաշի գդալ աղ: Ապա՝ պաստան: Պարտադիր կարդացեք պաստայի տուփի վրա, թե քանի րոպե պետք է եփվի: Ամեն տեսակը ունի եփման տարբեր ժամկետ:
Երբ պաստան եփվի, հանեք ջրից եւ ավելացրեք թավայի պարունակությանը: Ամենավերջում ավելացրեք թյունոսը: Խառնեք, որ համերը ներծծվեն, ավելացրեք մանր կտրատած մաղադանոսը, մի կտոր կարագ՝ զուտ համի համար, եւ անջատեք: Մատուցեք անմիջապես, տաք-տաք: Կարող եք վերջում նաեւ մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ ավելացնել:
Մանրամասները՝ տեսանյութում.
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ