Հունվարի 27- ին տեղի կունենա Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության դատական նիստը:
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը:
Թամրազյանը նշեց, որ կալանքի միջոցը փոխելու մասին նիստի ժամանակ ներկայացվեցին նաև Բերդի ավագանու կողմից ՀՀ կառավարությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակները: Թամրազյանի փոխանցմամբ՝ այդ նամակները վարչապետի աշխատակազմը փոխանցել է դատախազություն, որտեղից փոխանցվել են դատարան և կներկայացվեն խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ նիստի ընթացքում:
Պաշտպանն անդրադարձավ նաև նախորդ դատական նիստին, որի ընթացքում նախատեսվում էր քննարկել դատավոր Սամվել Մարդանյանի ինքնաբացարկի հարցն ու Մանուչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը, սակայն դատավորի ինքնաբացարկից հետո դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, որից հետո հետաձգվեց դատը․
Կարդացեք նաև
«Դատավորն ինքն իր պրոֆեսիոնալ գիտելիքներով և մասնագիտական հմտություններով չի փայլում և բնականաբար, երբ իրեն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, ընդմիջումներ է հայտարարել, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկի հետ քննարկել է այդ հարցը:
Տպավորություն է, որ իր համար անսպասելի է եղել, ինքն էլ հավանաբար ցայտնոտային վիճակում է եղել ու արագ նիստն ավարտել ու փախել է նիստից»:
Թամրազյանը նշեց, որ նշված դատավորի հետ կապված ոչ մի հույսեր չկան և նրանից արդարադատություն սպասելը միամտություն է:
Արման Թամրազյանը փոխանցեց, որ Մանուչարյանը գտնվում է շատ լավ հոգեվիճակում և մարտական է տրամադրված , քանի որ շատ լավ հասկանում է, որ սա իր դեմ քաղաքական հետապնդում է․
«Մանուչարյանը ոմանց նման պատահական ղեկավար պաշտոն ստացած անձ չէ, այլ համայնքի կողմից է ընտրված և համայնքում բացարձակ հարգանք վայելող անձ է, ինքն էլ երկար տարիների կյանքի փորձ ունի և խուճապի մատնվող տեսակից չէ, քանի որ շատ լավ գիտի` ինչու է իր դեմ այս հետապնդումն իրականացնում և շատ հանգիստ է»:
Հիշեցնենք, որ Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ի մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը) առաջադրված մեղադրանքի հիմքով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հարություն Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր հայտնվել է համայնքային հողում, որի մասին Բերդ համայնքի ղեկավարը տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին:
2020 թվականին Մանուչարյանի դեմ հարուցվել է վարչական վարույթ, սակայն պատերազմի հետևանքով այն կասեցվել է և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են, սակայն վարույթն իրականացնող մարմինը Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Մանուչարյանի փաստաբանը գործը ապօրինի է համարում:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ