Հունվարի 13-ին MYbookstore գրախանութում տեղի ունեցավ Հայոց բանակի ժամկետային զինծառայող Ալեքսանդր Գաբրիելյանի «Նամակ Մատնաչափիկին» գրքի շնորհանդեսը։
Ալեքսանդրը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող է։ Կիսատ թողնելով կրթությունը՝ մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, որի ընթացքում էլ գրել է իր գիրքը։ Վերջինիս հասույթն ուղղվելու է բարեգործությանը։
«Նամակ Մատնաչափիկին» գիրքը սիրային նամակ է՝ զինվորից ուղղված իր սիրած աղջկան։ Այնտեղ ներկայացված է բանակային կյանքը, առօրյան՝ համեմված հումորային ու հետաքրքիր դրվագներով։ Ալեքսանդրը փորձել է այս դժվարին օրերին սեր ու ռոմանտիզմ փոխանցել մարդկանց։
«Իմ կարծիքով մեր իրականության մեջ այսօր ամեն գորշ բան սիրո պակասից է։ Եկեք ուղղակի սիրենք ու վերջ,»- ասաց հեղինակը շնորհանդեսի ժամանակ։
Կարդացեք նաև
Ալեքսանդրն իր սերն արտահայտում է ստեղծագործելու միջոցով։ «Անդավաճան ընկերը»՝ կիթառը, իր հետ է անգամ ծառայության ժամանակ։ Գրքի շնորհանդեսը բացառություն չէր․ ներկաներն ունկնդրեցին զինվորի հեղինակային երգը, որը նույնպես ծնվել է բանակում։
Հեղինակին իր շնորհավորական խոսքն ուղղեց և նորանոր հաջողություններ մաղթեց նրա վարպետը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Սաթենիկ Մաթևոսյանը։
«Եթե մեր երիտասարդները բանակում այս հուսահատված պահին կարող են ստեղծագործել, ապրել ու ստեղծագործությամբ նաև ապրեցնել, ուրեմն, հաստատ թունելի ծայրում լույս կա,»- ասաց նա։
Արթուր Ղալումյանը՝ Ալեքսանդրի ընկերը, կարծում է, որ հեղինակն իր զգացմունքներն արտահայտելու համար ընտրել է շատ նուրբ, գեղեցիկ և դիպուկ բառամթերք։
«Գիրքն ընթերցելով՝ դուք կհասկանաք, որ, իսկապես, երազելը շատ կարևոր է։ Ինչ էլ լինի՝ ես, մեկ է, վստահ եմ, որ աշխարհը պատկանում է խենթերին։ Ու գեղեցիկն է, որ հիմա կփրկի ու հետո արդեն կփոխի աշխարհը,»- ասաց Արթուրը։
Շնորհանդեսի վերջում Ալեքսանդրը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել գրքի ստեղծման գործում։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ