Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուկրաինան հենց այնպես չի դարձել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «գայթակղության քար»․ «Անալիտիկոն»

Հունվար 23,2022 15:34

Ուկրաինայի շուրջ միջազգային մեծածավալ ճգնաժամը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Այդ ընթացքում կարելի էր տեսնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների քաղաքականության մի շարք հետաքրքիր միտումներ, նրանց դիրքորոշումների փոխակերպումներ եւ իրական նպատակների քողարկման փորձեր։

Ուկրաինայի սահմանների մոտ առաջին մեծածավալ ռազմական տագնապը նկատվեց 2021 թվականի գարնանը։ Բայդենի վարչակազմը դեռ չէր հասցրել տոնել իր առաջնորդի պաշտոնավարման 100 օրը, երբ հարկ եղավ արձագանքել ուկրաինական սահմանների մոտ Կրեմլի «մկանների խաղին»։ Իհարկե, մտածող մարդիկ չեն մոռացել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սկսվեց 2014 թվականին՝ Ղրիմի բռնազավթմամբ եւ շարունակվեց Դոնբասի «հրդեհով»։ Սակայն ռուսական զորքերի թվաքանակը եւ կրեմլյան պրոպագանդայով ուկրաինացիների մեծամասշտաբ ապահումանիզացիան (ինչը հնարավոր ներխուժման իրական նախանշան է), պահանջում էին Արեւմուտքի արձագանքը։ Հենց դրանք, ի վերջո, Վաշինգտոնին մղեցին Կրեմլի հետ երկխոսության, որը կայացավ Ժնեւում։ Վլադիմիր Պուտինը գոհ էր Ջոզեֆ Բայդենի հետ շփվելու հնարավորության համար, թեպետ Ղրիմի բռնազավթումից հետո կորսված ազդեցության վերականգնման մասին խոսք չեղավ։

Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների նոր սրացումն սկսվեց անցյալ տարվա նոյեմբերին՝ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների կողմից ռազմավարական գործընկերության նորացված խարտիայի ստորագրումից հետո։ Փաստաթուղթն ավելի շուտ դեկլարատիվ բնույթի էր, սակայն ՌԴ-ի համար չափազանց վիրավորական՝ «Ռուսական օկուպացիային հակազդելը» գլուխ էր պարունակում։ Ռուսաստանը դարձյալ տասնյակ հազարավոր զինվորականներ կենտրոնացրեց ուկրաինական սահմանից ոչ հեռու գտնվող իր ճամբարներում՝ ստեղծելով տեղեկատվական առիթներ եւ հրաժարվելով թուլացնել լարվածությունը։ Սակայն, դա, ավելի շուտ, Արեւմուտքի հետ վերջնագրային տոնով խոսելու Կրեմլի փորձերի նախաբանն էր։ «Անվտանգության միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները», որ Մոսկվան փոխանցեց Վաշինգտոնին եւ անհապաղ հանրայնացրեց, փաստորեն հենց Արեւմուտքին ներկայացված վերջնագրի տպավորություն էին թողնում։ Այդ առաջարկությունների ցանկի թեկուզ մեկ կետի ընդունումը կնշանակեր քաղաքակիրթ աշխարհի լուրջ պարտություն։ Պուտինը լավ է հասկանում, որ երկրի հսկայական տարածքի, միջուկային սպառազինության առկայության եւ ընտրությունների իմիտացիայից Ռուսաստանի բացարձակ անկախության եռամիասնությունն արձակում է իր ձեռքերը։ Ըստ էության, նա վա-բանկ գնաց՝ ձգտելով վերադառնալ մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների ակումբ։

Սակայն ԱՄՆ-ի (եւ Արեւմուտքի այլ սուբյեկտների) արձագանքն անսպասելի էր Ռուսաստանի համար։ Վերջնագրային «առաջարկությունները» լրատվամիջոցներ նետվեցին Սուրբ Ծննդյան նախօրյակին՝ բորբոքելով իրարանցումը, սակայն Վաշինգտոնը հմտորեն չեզոքացրեց լարվածությունը եւ տոնական շաբաթներն օգտագործեց դաշնակիցներին համախմբելու համար։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, իր երդմնակալության ճառում, Ջոզեֆ Բայդենը խոսեց միավորումներն ու միությունները վերականգնելու մասին։ Ինչպես պարզվեց, խոսքը միայն «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում Գերմանիային զիջելու մասին չէր։ Ամերիկյան պատվիրակությունը, փորձառու դիվանագետ Վենդի Շերմանի գլխավորությամբ, Ժնեւում հունվարի 10-ին կայացած բանակցությունների ժամանակ հասկացրեց, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին զիջումներ անելու մտադրություն չունի։ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Ռյաբկովի կոպտությունը չսասանեց ամերիկյան դիրքորոշումը։ Ավելին, այն կարծես ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության համար կամերտոն դարձավ։

Նշեմ, որ հունվարի սկզբին Ուկրաինա այցելեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, որը եղավ Դոնբասում եւ բանակցություններ վարեց Կիեւում։ Այդ այցելության արդյունքը դարձան Ռուսաստանի (որին Բորելն անվանեց Դոնբասի հակամարտության կողմ) նկատմամբ Եվրամիության դիրքորոշման կոշտացումն ու Եվրոպայի անվտանգության հարցերով բանակցություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնելը։ Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը նույնպես առաջընթաց չգրանցեց։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարեց, որ «բաց դռների» սկզբունքից հրաժարում չի լինելու։ Ռուսաստանը, հիշեցնեմ, բարձրագոչ պահանջում էր չեղարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի ապագա անդամակցության համաձայնությունը։ Հասկանալի պատճառներով առաջընթաց չեղավ նաեւ ԵԱՀԿ հարթակում։

Կասկածում եմ, թե Մոսկվան բացառում էր իրադարձությունների նման զարգացումը, դրա համար էլ հունվարի 15-ին Սերգեյ Լավրովն իրեն հատուկ հանդուգն տոնով  հայտարարեց, թե «Անվտանգության միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները» փաթեթային բնույթ ունեն, եւ Ռուսաստանն ընդամենը մեկ շաբաթ կսպասի իր արեւմտյան գործընկերների պատասխաններին։ Լավրովի հայտարարության տոնը վկայում է, որ դա Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հստակ դիրքորոշումն է։

Նշեմ, որ դեկտեմբեր և հունվար ամիսների ընթացքում ռուսական պաշտոնյաների շուրթերով Ուկրաինայի հասցեին հնչեցին մի շարք բարձագոչ մեղադրանքներ, որոնք փաստական հիմք չունեին։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ուկրաինան Վլադիմիր Լենինն է ստեղծել  ռուսական պատմական հողերի վրա։ Սերգեյ Շոյգուն Դոնբասում ուկրաինական զինվորականների կողմից քիմիական նյութերի կիրառմամբ սադրանքներ կանխատեսեց։ Նաեւ, Լավրովին կրկնելով, խոսեց ուկրաինական զորքերի առաջնագծում օտարերկրյա ռազմական հրահանգիչների առկայության մասին։ Ընդհանուր առմամբ, Կրեմլի քաղաքականությունը հանգում էր Ուկրաինային Ռուսաստանի դեմ ագրեսիա նախապատրաստելու մեջ մեղադրելուն։  Եվս մի գաղափարախոսական գիծ էր Դոնբասի բնակչության ցեղասպանություն իրականացնելուն ձգտելու մեղադրանքը։ Ընդսմին, Դոնբասի մոտ 600 հազար բնակիչներ վերջին տարիներին ստացել են ռուսաստանյան անձնագրեր։ «Հայրենակիցների պաշտպանությունը» ՌԴ արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկն է, Կրեմլի համար՝ ունիվերսալ casus belli (պատերազմի առիթ.- խմբ.

Եվգենի ՄԱԳԴԱ

Հոդվածն ամբողջությամբ՝  «Անալիտիկոն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31