Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ համար զգեստ կարելը պարզապես կտորի  մշակում չէ, այլ մի կախարդող գործընթաց»․ Արևիկ Սիմոնյան

Հունվար 23,2022 14:58

Արեւիկ Սիմոնյանը 2004 թվականին մուտք գործեց հայկական նորաձևության  աշխարհ՝շատ արտասովոր տեսքով: Երիտասարդ էր, համարձակ, չէր   վախենում էքսպերիմենտներից։ Արդեն  2005-ին  Արևիկ Սիմոնյանը  ստեղծվեց  Kivera Nayomis բրենդը։  Մեզ հետ զրույցում Արևիկը անկեղծանում է՝«եթե սկզբնական տարիներին իմ ամբողջ էներգիան, սերը նվիրում էի գործին, ապա հիմա  նաև իմ 4 տղաներին։  Կարելի է ասել երկու Արևիկ Սիմոնյան կա՝մայր, որն ունի 4 երեխա  և  դիզայներ, որն  ուզում է մնայուն արժեքներ ստեղծել,  նորաձևության  աշխարհում»։

– Չորս  տղաների մայրը ինչպե՞ս է ամեն ինչ հասցնում։

Անկեղծ ասած՝ չգիտեմ ոնց, բայց հասցնում եմ: Եթե ուզում ես ինչ-որ լավ բան ստեղծել, արարել ու այդ ամենը անել սիրով, ապա ամեն ինչ կարողանում ես հասցնել: Տղաներս ասում են՝ ես տանը մամա եմ, որ միշտ հեռախոսով աշխատում է (ժպտում է֊-Ն.Գ.): Ես  աշխատում եմ այնպես անել, որ ոչ աշխատանքը տուժի, ոչ առավել ևս ընտանիքս: 2012 թվականից հետո,  մի փոքր դադար եղավ ու  ցուցադրություններ չեղան։ Սակայն  հիմա արդեն ժամանակն է նոր շնչով  ներկայանալու։ Հատկապես վերջին  երկու տարիներին շատ բան է կուտակվել  հոգումս: Այս  տարիները   նպաստեցին նրան, որ  ես   նորաձևությանը   մոտենամ  նաև այլ տեսանկյունից, այլ աչքերով։ Շատ ավելի հասուն՝աշխարհին ցույց տալու մեր լինելիությունը ու ապրելու իրավունքը։ Հիմա ձեզ համար զարմանալի  կթվա, թե՞ նորաձևությունը ինչ կապ կարող է ունենալ, բայց փետրվարին  նախատեսվող միջոցառումը հենց դրա մասին։

 

-Նախորդ տարի  կայացավ ձեր՝ «Վերածնունդ» խորագրով ցուցադրությունը։ Խորհրդանշանական վայր էիք ընտրել ցուցադրության  համար՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Հագուստներում էլ կարմիրի  ու սևի համադրությունն էր։

– Այո, վայրը պատահական չէր ընտրված, քանի որ  հենց  այստեղից էր սկսվել մեր հիմքը։ Այս  նոր հավաքածուում  մեր  ազգի՝ վերջին տարվա բոլոր ապրումներն ու հույզերն էին  ներկայացված։ Յուրաքանչյուր մանրուք ուներ հատուկ սիմվոլիզմ, յուրաքանչյուր դետալ իր մեջ որոշակի խորհուրդ էր պարունակում։ Ցուցադրության բացումը վստահված էր Նազենի Հովհաննիսյանին. նա կարմիր զգեստով էր։ Կարմիրը Հայաստանի սիրտն է. այն պիտի միշտ բաբախի ու մենք պիտի ապրենք՝ ինչ էլ որ լինի։ Մուտքը՝ Դավիթ Հալաջյանի «Տեր, եթե շրթունքս իմ բանաս» շարականի ներքո էր, որը կատարում էր «Արար»  երգչախումբը։   Ես ոչ թե համոզված եմ, այլ  վստահ եմ, որ  վերածնունդ լինելու է, ու   հենց դա էր խորհրդանշում ցուցադրությունը՝  ավարտող սպիտակ հագուստով հղի կնոջ կերպարը։ Սպիտակազգեստ հղի կինը՝ Տիրամոր խորհուրդն էր, այն որ  մենք պիտի միշտ ծնունդ տանք ու նոր կյանքեր ստեղծենք, և ոչ մի դեպքում չկոտրվենք։ Այդ ցուցադրությամբ առայժմ թեթև ակնարկում էինք, որ  պետք է դուրս գալ այս թմբիրից, պետք է պարզապես  ամեն մեկս մեր գործով  պայքարենք։  Քաղաքականությունը՝  քաղաքականություն, բայց պայքար պետք  է մղենք նաև մշակույթով: Այսօր մարդկային  շատ գործոններ հետին պլան են մղվել ու առաջ է  եկել չարությունը, նախանձը։ Մենք չենք գնահատում ամեն  մի օրը, որը մեզ տրված է։ Մենք այս խելահեղ վազքի մեջ մոռանում ենք ամեն ինչ, չենք նկատում այն հրաշալի բնապատկերները, որ կան։ Օրինակ, ես Մոնումենտից իջնելիս հաճախ եմ նկատում, թե որքան գեղեցիկ է Արարատը, Երևանը։ Ոչ միշտ եմ ես կարողանում կանգ առնել ու վայելել այդ ամենը։

– Փետրվարի 13-ից 15-ը Մարզահամերգային համալիրում տեղի է  ունենալու ցուցահանդես՝ համեմված նորաձևության էլեմենտներով: Սակայն այս ցուցադրությունը տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ցուցադրություններից իր մասշտաբով ու մատուցման ձևով։ Մի փոքր բացենք փակագծերը:

-Իսկապես նման ցուցադրություն՝ ծավալային առումով,  առաջին անգամ է լինելու  Հայաստանում։ Օրն էլ պատահական ընտրված չէ՝ Տյառնընդառաջն է՝ քրիստոնյա  աշխարհի համար շատ կարևոր օր։  Եվ անուն էլ՝  H2O-ջուր: Ջուրը կյանքի խորհրդանիշ է, մեր կյանքն առանց  ջրի պատկերացնելն ուղղակի անհնար է: Տխրության, ուրախության պահին արտասվում ենք, ու  արցունքն  էլ ինքը ջուր է: Ցուցադրությունը լինելու է   ինտերակտիվ, լուսային եւ ձայնային ձեւավորմամբ՝ հագուստի ցուցադրության ձևով։  Ինչպես ասում են հագուստ լինելու է, բայց առանց մոդելների։ Իսկ թե ինչպես այս պահին չեմ ուզում  բացել փակագծերը,  ու կարծում եմ, առավել հետաքրքիր կլինի, երբ  մարդիկ  այդ ամենը  կտեսնեն արդեն անզեն աչքով։  Մի բան կարող եմ ասել, որ  լինելու են 8 սրահներ՝ յուրաքանչյուրն  իր խորագրով։ Այդ   սրահներում  ցուցադրված հագուստները   ունենալու են իրենց   պատմություն։ Ու  սրահ մտնելուց այցելուի համար  պարզ է լինելու, թե որ սրահում է  գտնվում։  Օրինակ, սրահ, որտեղ ցուցադրված  հագուստների վրա կգտնեք  մեր եկեղեցիների զարդանախշերից՝ հատկապես այն եկեղեցիների, որոնք կորցրել ենք հենց  այս պատերազմի ժամանակ։ Կարծում եմ այսքանից ավել պետք չէ բացել փակագծերը։

– Իսկ ինչո՞ւ այս անգամ  այս կերպ ցանկացաք ներկայանալ, ու որքան ժամանակ է ձեզանից պահանջվել այս գաղափարը կյանքի կոչելու։

– Այս միտքը, գաղափարը հղացավ պատերազմական իրավիճակների ժամանակ: Երբ ամեն օր լսում էի, որ կորցրել ենք մեր մշակութային կոթողները, եկեղեցիները  արցախյան եդեմական հողերը: Ես այդ օրերին պարզապես խելագարվում էի։  Մտածում էի, ինչ կարող եմ անել, բայց  պատասխանները չէի  գտնում․․․ Ու թերևս ես  կարող էի միայն մշակույթով ու իմ գործով պայքարել: Նախորդ տարվա օգոստոսին արդեն սկսեցի այս նախագծի մասին մտմտալ, էսքիզները գծել։ Ու մտքումս միայն մի  գաղափար կար՝ աշխարհին պետք ցույց տալ, որ այդ կոթողները, եկեղեցիները մշակութային օջախները հայկական են: Եվ  համոզված եղեք, որ ցուցահանդեսի ժամանակ շատ բան կտեսնեն այցելուները:

– Կարո՞ղ ենք ասել, որ Արևիկ Սիմոնյանը ձեռագիր է փոխում։

-Չէ, ձեռագիր փոխելու խնդիր չկա, ընկալումներն են փոխվել, իսկ դա անմիջական ազդեցություն չի կարող չունենալ։  Երբ նայում եմ իմ առաջին ցուցադրությունը ու հիմա, իհարկե, բավականին փոխվել է։ Դու մեծանում ես, աշխարհընկալումդ փոխվում է, առավել ևս երբ էմոցիոնալ մարդ ես։ Իսկ  արտաքին ազդակները միշտ ազդում են  ներաշխարհիս  վրա ու այդ ժամանակահատվածում  ստեղծված  հագուստներումս էլ դա կարող է երևալ։ Օրինակ, ժամանակին սև գույնը ինձ համար շատ անհետաքրքիր էր, բայց հիմա սևն է գերիշխում իմ հագուստներում։ Անկեղծ, ես այնքան  սիրեցի այդ գույնը, որ  սկսեցի սևի մեջ այլ երանգներ էլ տեսնել։ Հիմա արդեն  դուրս եմ գալիս ու գնում եմ դեպի մեղմ  գույներ։  Ու այժմյան գույները կապ ունեն  իմ էմոցիաների ու զգացողություններ հետ։ Գիտե՞ք,  յուրաքանչյուր  զգեստ  ունի ստեղծման իր՝ բոլորից տարբերվող պատմությունը։ Ինձ  համար զգեստ կարելը պարզապես կտորի  մշակում չէ, այլ մի կախարդող գործընթաց, ճանապարհորդություն դեպի նոր ինքնատիպ համադրությունների բացահայտում և հետաքրքիր ոճային լուծումների տեղ։

– Այդ ցուցադրությունից  ի՞նչ է իր հետ տանելու հանդիսատեսը։

-Հանդիսատեսը տանելու է միտք. ոչ թե՝ «ի՜նչ հետաքրքիր  ցուցադրություն էր», այլ ինքն  իրեն վերանայելու, արժևորելու ու գնահատելու մեր ունեցածը։ Իհարկե,   մենք քիչ ենք, բայց  իսկապես մենք   տաղանդավոր ազգ ենք։  Ես կարող եմ այդ մասին վստահ ասել, քանի որ  աշխատանքի բերումով շփվում եմ շատ երիտասարդների հետ, որոնք ունեն հրաշալի մտքեր, գաղափարներ, նախագծեր: Ու իսկապես առողջ ու գրագետ սերունդ ունենք:

– Արևիկ, իսկ նորաձևության աշխարհում ի՞նչ է կատարվում։ Գիտեմ, որ Դուք, Արամ Նիկոլյանը, Ֆաինա Հարությունյանը, Միքայել Դանիելյանը՝ չորս տարբեր ձեռագիր ունեցող մոդելավորողներ, միացել եք ու ինչ -որ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել։

– Ճիշտ եք։ Երբ սկզբում հանդես եկանք նման նախաձեռնությամբ. շատերի համար էր զարմանալի։ Ասում էին՝ դուք լիովին տարբեր եք, ինչպե՞ս եք կարողանալու միասին աշխատել, ծրագրեր իրականացնել։ Բայց մեզ միավորեց հենց այդքան իրարից տարբեր լինելը։ Մենք  ինքնահաստատվելու խնդիր չունենք, յուրաքանչյուրս կայացած ենք ու կայացած  և ինքնաբավ մարդկանցով շատ ավելի հեշտ է։ Կարող եմ ասել, որ շատ ծրագրեր մեզ են սպասում։ Ես ուղղակի խորհուրդ կտամ այն անձանց, ովքեր նոր-նոր  են մուտք գործում այս աշխարհ՝ պարզապես ունենան իրենց ձեռագիրը ու մնայուն արժեք ստեղծեն։ Դուք միշտ ստեղծագործեք, ու ձեր ստեղծածից հաճույք ստացեք։  Ամենակարևորը՝ սիրով արեք ու ամեն ինչում սեր դրեք։ Գուցե սկզբում ձեզ չնկատեն, բայց հետո համոզված  եղեք, ձեզ կնկատեն։ Իսկ Kivera Nayomis-ի համար  համոզված եմ, որ  2022 թվականը շատ վճռորոշ տարի է լինելու։ Մենք  աշխարհին կարող ենք  ներկայանալ մեր  մշակույթով, մենք ունենք այդ  ներուժը՝ գեղեցիկը տեսնելու ու տարածելու։ Պարզապես  այն   պետք է  ներկայացվի ճիշտ  և հասցեական։  Իսկ հատկապես  այս  վերջին իրադարձություններից  հետո,  հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ, պահպանելու ու այն կորցնելու վտանգի առաջ ենք  կանգնած։  Գուցե ես չորս տղաների մայր եմ, դրա համա՞ր եմ այդպես մտածում: Բայց՝ ոչ. կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է ու կապ չունի այստեղ, թե քո երեխաները ի՞նչ սեռ են ու ի՞նչ  ազգի։ Ու մենք կանք և պետք է մնանք  ճիշտ քրիստոնյա։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31