Լրահոս
Օրվա լրահոսը

Տպագրվել է «Դիլիջանի համն ու հոտը» խոհանոցային գրքույկը, որում ներառվել են Դիլիջանի ավանդական բաղադրատոմսերը

Հունվար 23,2022 14:25

«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի «Դիլիջանի արխիվ» ծրագրի շրջանակում հավաքագրվել են դիլիջանյան խոհանոցը ներկայացնող մի շարք ուտեստների բաղադրատոմսեր՝ նպատակն է վերածնունդ տալ և  պահպանել դիլիջանյան խոհանոցի առանձնահատկությունները։

Ծրագրի ընթացքում բաղադրատոմսերը հավաքագրվել են հիմնականում տատիկներից և սարվորներից, որոնք մինչև այսօր պահպանում են ավանդական բաղադրատոմսերը:

Նունե Զաքարյանը, որը ծրագրի շրջանակում հավաքագրել է բաղադրատոմսերը, մեզ հետ զրույցում նշեց, որ երբ ձևակերպվում էր նպատակը, հասկացան, որ այն շատ ընդարձակ և անծայրածիր թեմա է, քանի որ ամեն սերունդ իր ձևով է ներկայացնում բաղադրատոմսերը․

«Որոշեցինք, որ բաղադրատոմսերը հիմնականում հավաքագրվելու են մեծ սերնդից՝ այն տատիկներից, ովքեր իրենց տներում հիմնական խոհարարներն են և կարող են պատմել Դիլիջանում ավանդական ուտեստների իրական բաղադրատոմսերը:

Շատ յուրահատուկ օրինակներ գտանք ծրագրի ընթացքում և անգամ Դիլիջանի տարբեր թաղամասերում նույն ուտեստը տարբեր կերպ են պատրաստում:

Գտանք Դիլիջանում ամենահամեղ թթու պատրաստող տատիկին, ով փոխանցեց իր բաղադրատոմսը»:

Նունե Զաքարյանը նաև ընդգծեց, որ իրենց նպատակը չի եղել ցույց տալ, որ դրանք միայն Դիլիջանին են հատուկ, քանի որ Հայաստանի բոլոր տարածքներում բաղադրատոմսերը շատ նման են և պատրաստման եղանակներն են տարբերվում:

Զաքարյանն ընդգծեց, որ շատ արժեքավոր են եղել հատկապես սարվորներից ձեռք բերված բաղադրատոմսերը: Նրա խոսքով, հենց սարվորներն են, որ մինչև այսօր պահպանում են ավանդույթը, և իրենց բաղադրատոմսերում միայն առողջ և մաքուր  մթերքներ օգտագործում․

«Սարվորներից մենք բացահայտեցինք հալվայի նոր բաղադրատոմս, որը ռեժանով է պատրաստվում և լիովին այլ համ է ունենում: Ինձ համար նաև մեծ բացահայտում էր հատկապես սարվորների պատրաստած տոլմայի բաղադրատոմսը: Քանի որ սար բարձրանալիս սարվորները չեն կարող իրենց հետ շատ բան բարձրացնել՝ ուտեստների պատրաստման այլ մեթոդներ են գտնում:

Օրինակ՝ տոլմայի դեպքում սարվորները քանի որ չեն կարող աղալ միսը, նրանք շատ մանր կտրտել են միսը, ավելացրել են ձավար և իրենց աճեցրած կանաչիներն ու մայիսյան կարագ: Սարվորները նշում էին, որ ուտեստների համի գաղտնիքներից մեկը մայիսյան կարագն է, քանի որ մայիս ամսին սարերում ամենաառատ խոտի և ծաղկի շրջանն է և հենց այդ ամսին ունեցած կաթից ստացած կարագն իր համով տարբերվում է»:

Զաքարյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի փրկելու այս բաղադրատոմսերը մոռացությունից և նոր սերնդի համար դրանք ճանաչելի և կիրառելի դարձնելու:

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31