Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե հիմա ո՞նց է ստացվում, որ կոմբայնը ես եմ հափշտակել». Տաշտունի նախկին վարչական ղեկավար

Հունվար 23,2022 12:15

Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Հենրիկ Գաբրիելյանը արձագանքել է Aravot.am-ի հրապարակմանը՝ նշելով, որ ինքը ոչ մի կոմբայն չի հափշտակել։

Հիշեցնենք, որ ըստ մեր տեղեկությունների, Սյունիքի դատախազությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Ըստ նյութերի, 2008-2016 թթ. Տաշտուն գյուղի գյուղապետ, այնուհետեւ 2016-2021 թվականներին՝ Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի վարչական ղեկավար եւ նյութական պատասխանատու հանդիսացող Հ. Գաբրիելյանի կողմից 2019թ-ին «4172.5» մակնիշի «ՀԱՑ» տեսակի կոմբայնը հափշտակվել կամ օտարվել է։

«Ես` որպես վարչական ղեկավար, իրավասու չէի նմանատիպ որեւէ գործարք անելու, այսինքն գույք օտարելու։ Ես դա կարող էի անել մինչեւ համայնքի խոշորացումը, երբ պատասխանատու էի որպես համայնքի ղեկավար»,-ասում է Հենրիկ Գաբրիելյանը։

Վերջինիս պատմելով` կոմբայնը պահելու համապատասխան տեղ չկար, ու օր-օրի գույքը մաշվում էր։ «Զանգեցի համայնքապետարանի գյուղբաժնի պետին, առաջարկեցի որեւէ ելք գտնել։ Որոշ ժամանակ անց ինձ զանգում են Շիրակի մարզից՝ ասելով, որ լսել են կոմբայնի մասին եւ ուզում են գնել։ Բնականաբար, ես զանգահարողին ասացի՝ վաճառելու իրավունք չունեմ, դիմեք համայնքապետարան»,-Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանում է Տաշտունի նախկին ղեկավարը։

Ի վերջո, կոմբայնը վաճառվում է շիրակցի գնորդին։ «Գյուղբաժնից զանգեցին, ասին 300 հազար դրամ վերցրու, կոմբայնը տուր՝ տանի։ Գումարը վերցրի, կոմբայնը տվեցի այդ գնորդին։ Նույնիսկ համայնքապետարանը պաշտոնական գրություն տվեց, որպեսզի կարողանային կոմբայնը Սյունիքից Շիրակ տեղափոխելու»,-նշում է Հենրիկ Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ կոմբայնի գնորդը պարբերաբար զանգում էր իրեն՝ հարցնելով, թե երբ են օտարելու գույքը եւ տեխանձնագիրը ուղարկելու իրեն։ «Բնականաբար, նորից բացատրեցի, որ հասցեատերը ես չեմ, այլ Մեղրու համայնքապետարանն է (2019 թվականն համայնքի ղեկավարը ներկայիս ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանն էր–Ա․Դ․), դիմեք այնտեղ»,-ասում է Հ․ Գաբրիելյանը։ Իսկ անցած տարվա ՝2021թ-ին, երբ որպես վարչական ղեկավար ազատվեց աշխատանքից, այդ կոմբայնի տեխանձնագիրն ու 300 հազար դրամը հանձնման-ընդունման արձանագրությամբ տվել է նոր վարչական ղեկավարին։
«Դե հիմա ո՞նց է ստացվում, որ կոմբայնը ես եմ հափշտակել»,-Aravot.am-ի հետ զրույցը եզրափակեց Հենրիկ Գաբրիելյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31