ԱՄՆ-Հայաստան ռազմավարական դաշնակցության ակնկալիքն անիրատեսական է, որովհետեւ լայն տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական շահերը կարեւոր մասով չեն համընկնում, որոշ դեպքերում նույնիսկ հակասում են Հայաստանի ռազմավարական շահերին, և, բացի այդ, ԱՄՆ-ն Այսրկովկասը չի համարում իր ռազմավարական առաջնային շահերի շարքում:
Բայց աշխարհաքաղաքական վերլուծության վրա հիմնված եզրակացության կողքին և դրանից բացի, նման դաշինքի հնարավոր լինել չլինելու հարցի շուրջ ողջամիտ եզրակացության հասնելու լավագույն միջոցը անցնող երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի, Արցախյան խնդրի և ընդհանրապես հայության վերաբերող հարցերի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումների դիտարկումն է:
Կատարենք այդ դիտարկումը հնարավորինս հակիրճ:
- 1990 թթ սկզբներից մինչեւ 44 օրյա պատերազմ
– Ադրբեջանի և Նախիջևանի միջեւ ցամաքային լիարժեք միացման առաջին ծրագիրը ներկայացրել է ԱՄՆ Պետքարտուղարության նախկին պաշտոնյա, վերլուծաբան Փոլ Գոբլը դեռ 1991թ-ին: Արցախյան խնդրի լուծման շրջանակներում ներկայացրած նրա ծրագիր-առաջարկությունը նախատեսում էր Մեղրիի և Լաչինի շրջանների փոխանակում: Բուն Արցախի կապակցությամբ նրա առաջարկները անկարեւոր չեն, բայց ներկա դիտարկման համատեքստում երկրորդական են: ԱՄՆ նախկին պաշտոնյայի ծրագիրը փաստորեն ետ-սառը պատերազմյան շրջանում Թուրքիա-«թյուրքական աշխարհ» ֆիզիկական միացում և Հայաստան-Իրան ֆիզիկական կապի խզում նախատեսող առաջին ծրագիրն էր:
Կարդացեք նաև
– ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը 1993թ-ին ընդունել է 4 որոշումներ, այդ տարվա ընթացքում Արցախում հայկական զինված ուժերի իրականացրած տարածքային առաջխաղացումների կապակցությամբ: Չորս որոշումներն էլ Արցախյան զինված ուժերը համարել են «անջատողական» և պահանջել նրանց հեռացումը «գրավված» շրջաններից, որոնց համարել են «Ադրբեջանական Հանրապետության պատկանող»: Իսկ վերջին որոշումը օգտագործել է «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղ շրջան» ձեւակերպումը: Սրանք հստակ ներկայացնում են Անվտանգության Խորհրդի դիրքորոշումը ոչ միայն «հարակից շրջանների», այլեւ ԼՂԻՄ-ի տարածքի պատկանելիության հարցին: ԱՄՆ-ը ՄԱԿ Անվտանգության Խորհրդի վետոյի իրավունքով մշտական անդամ է և կողմ է քվեարկել այդ որոշումներին:
– ԱՄՆ Պետքարտուղարության ՝ աշխարհում մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցների Հայաստանի վերաբերող բաժինը համարյա ամեն տարի պարունակել է հետեւյալ պարբերությունը. «Անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակեցին վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և ադրբեջանական հարակից յոթ շրջաններ: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը մնում է ենթակա Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության»:
– Բացի վերոնշյալներից, սկսած 1992թ-ից ԱՄՆ-ը ԵԱՀԿ շրջանակներում մշտապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պահանջել «գրավված» տարածքների հանձնումն Ադրբեջանին և, այո, «հակամարտության համապարփակ լուծման» համար անհրաժեշտ համարել նախկին ԼՂԻՄ-ի տարածքում հանրաքվեի կայացումը, բայց դա երբեք չի նշանակել այդ տարածքի միանշանակորեն Ադրբեջանից անկախացման կամ ՀՀ միացման գաղափարի պաշտպանություն:
– 1999 թ համանախագահները քննարկման համար Հայաստանին ու Ադրբեջանին են ներկայացրել ծրագիր, որը նախատեսում էր Մեղրիի և Լաչինի շրջանների փոխանակում: Այդ ծրագիրը չդարձավ բանակցությունների պաշտոնական փաստաթուղթ: Բայց ըստ ամենայնի դրա հեղինակներից մեկն ԱՄՆ-ն էր:
– 2001 թ ԱՄՆ-ում Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիեւի միջեւ տեղի ունեցան Key West-յան բանակցությունները: Երեք համանախագահների, բայց հասկանալի պատճառներով առաջին հերթին ԱՄՆ միջնորդությամբ այդ բանակցությունները հանգեցին նույնանուն համաձայնության, որը, ի միջի այլոց, նախատեսում էր Ադրբեջանի և Նախիջեւանի միջեւ միջանցքի տրամադրում: Ձեռք բերված համաձայնության որպես «խրախուսանք», այդ օրերի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը երկու նախագահներին ընդունեց Սպիտակ Տանը: Այդ համաձայնությունն իրականություն չդարձավ որովհետեւ Բակու վերադառնալուց հետո Ալիեւը հրաժարվեց դրանից:
– Հայաստանի և Թուրքիայի միջեւ «ֆուտբոլային դիվանագիտությամբ» սկսած գործընթացը հանգեց 2009թ Ցյուրիխում կնքված հայտնի արձանագրություններին, որոնք երկու երկրների ներկա սահմանները հռչակում էին «անխախտելի», և նախատեսում էին «պատմական փաստաթղթերն ու արխիվներն» ուսումնասիրող միջ-կառավարական հանձնաժողովի ձեւավորում, ինչն ի սկզբանե Ցեղասպանության իրողությունը դարձնում էր քննության, հետեւաբար կասկածի առարկա: ԱՄՆ-ն այդ գործընթացի մասնակիցներից էր և գլխավոր հովանավորը: Դա անհրաժեշտաբար չի նշանակում, որ ԱՄՆ-ն այդ «արձանագրությունների» հեղինակն էր, բայց առնվազն նշանակում է, որ դրանք բավարարում էին նրան: «Արձանագրություններն» ի վերջո չվավերացվեցին ոչ Թուրքիայի ոչ Հայաստանի կողմից:
– 2009 թ-ից մինչեւ 44-օրյա պատերազմ ԱՄՆ-ը նշված էական հարցերի կապակցությամբ առանձնահատուկ այլ դիրքորոշումներով հանդես չի եկել:
– Վերոնշյալները (և այստեղ չհիշատակված այլ փաստեր) աներկբայորեն ապացուցում են, որ առնվազն ետ-ԽՍՀՄ առաջին տասնամյակում ԱՄՆ-ը ջատագովն էր Հայաստանի հաշվին «թուրքական աշխարհի» ֆիզիկական միավորման, որ նա առնվազն ԼՂԻՄ-ի հարակից շրջանները համարում էր ադրբեջանական և ջատագովն էր հայ-թուրքական հարցի «փակման»:
- 44-օրյա պատերազմ և ներկա փուլ
– 44-օրյա պատերազմի օրերին այն կասեցնելու կամ հայկական կողմի համար բացասական հետեւանքները նվազեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ը ոչ մի լուրջ միջամտության չդիմեց: Դա սովորաբար մեկնաբանվում է Թրամպի անձի և իր վարչակազմի, ԱՄՆ-ում նախընտրական թեժ փուլի և համավարակի հանգամանքներով: Հայաստանում ամերիկամետներն իրենք իրենց են հակասում, երբ մի կողմից միանշանակորեն ընդունում են ԱՄՆ անգործության իրողությունը, այն պայմանավորելով Տրամպի գործոնով, իսկ մյուս կողմից պնդում, որ պատերազմի վերջին փուլում հակամարտ կողմերի միջեւ սկանդինավյան խաղաղապահների տեղակայում առաջարկելով, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհրդականը հայամետ միջամտությամբ էր հանդես եկել: Այդ առաջարկությունը իր մեջ լրջություն չի պարունակել և ոչ ոք այն լուրջ չի ընդունել:
– Պատերազմի օրերին դեռեւս նախագահական թեկնածու Ջո Բայդենը հոկտեմբեր ամսին հրապարակեց պաշտոնական հայտարարություն, որտեղ, Ադրբեջանը, Թուրքիան և Թրամպի պասիվությունը քննադատելուն զուգահեռ հանդիմանեց Հայաստանին, ասելով, որ վերջինիս պետք է հասկացվի, որ «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները չեն կարող անորոշ ժամանակով գրավված մնալ»:
– Մի այլ պաշտոնական հայտարարությունում Բայդենը խոստացավ նախագահ ընտրվելու դեպքում վերահաստատել Ադրբեջանին սպառազինություն չտրամադրելու ԱՄՆ որոշումը: 1992 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել էր «Ազատությանն աջակցության բանաձեւը», որի 907 ենթաբաժնով ԱՄՆ կառավարությանն արգելվում էր Ադրբեջանին ուղիղ, հատկապես ռազմական օժանդակություն ցուցաբերել։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Սենատը ԱՄՆ-ի նախագահին սահմանափակ իրավունք տվեց հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակավորապես կասեցնել 907 ենթաբաժնի գործողությունը։ Բայդենն իր հայտարարությամբ խոստանում էր վերահաստատել այդ արգելքը: Բայց խոստումը չհարգվեց: 2021թ-ին 907 ենթաբաժնի կասեցումը, այսինքն Բաքվին սահմանափակ ռազմական օժանդակության տրամադրումը շարունակվեց:
– 2021 թ ապրիլի 24-ին նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Դրանով, ի տարբերություն իրեն նախորդած բազմաթիվ նախագահների, նա կատարած եղավ այդ առումով տված իր նախընտրական խոստումը: Պետքարտուղար Բլինքենն անմիջապես փորձեց հանգստացնել Անկարային, ասելով թե ԱՄՆ նախագահը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հերթին շտապեց ճշտել, որ ԱՄՆ ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից ՄԱԿ-ի 1951թ ընդունված Ցեղասպանության մասին կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում 1915թ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը:
– 2021 թ ընթացքում ԱՄՆ-ը՝ առանձին և Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում մի քանի անգամ կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին «հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առարկայական բանակցություններին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ քաղաքական կարգավորմանը»: Այդ հայտարարությունները ոչ ուղիղ, բայց իրենց ենթատեքստում պարունակում են ԼՂ կարգավիճակի հարցը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին առնվազն երկու անգամ բառացիորեն շեշտեց ԼՂ կարգավիճակի հարցի լուծման անհրաժեշտության կարեւորությունը:
– Վերջին ամիսների իրենց հայտարարություններում Համանախագահները շատ հազվադեպ են անդրադառնում քաղաքական կարգավորման անհրաժեշտությանը:
– ԱՄՆ-ը, նախագահի Ազգային անվտանգության խորհրդականի մակարդակով՝ մայիսից սկսած Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական ոտնձգություններն ու ներխուժումները որակեց սադրանք ու անպատասխանատու և հորդորեց ետ քաշել զորքերը:
– Պետքարտուղարությունը մի քանի առիթներով երկու երկրներին կոչ արեց սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը, հայտնելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը:
– ԱՄՆ Պետքարտուղարությունն առանց լրացուցիչ հստակեցման Նիկոլ Փաշինյանին կոչ արեց «կառուցողականություն» ցուցաբերել:
– Դեսպան Թրեյսին բազմաթիվ այցելություններ տվեց Սյունիքի մարզ:
– Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելություններ տվեց Բաքվի վերահսկողության անցած շրջաններ (բայց ոչ Շուշի), ինչպես նաեւ Նախիջեւան: Նա Բաքվի պաշտոնատարների հետ տարբեր առիթներով քննարկեց վերջինի վերահսկողության տակ անցած շրջանների վերականգնման աշխատանքներին ԱՄՆ մասնակցության հնարավորության վերաբերող հարցեր:
– Պետքարտուղարության և երկու երկրներում դեսպանների մակարդակով ԱՄՆ-ը բազմաթիվ առիթներով իր աջակցությունը հայտնեց հաղորդակցուղիների բացման (առանց անդրադառնալու «միջանցքի» հարցին):
– Դեկտեմբերի 15-ին Պետքարտուղար Բլինկենն անձամբ ողջունեց և խոր աջակցություն հայտնեց Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին երկու երկրների հայտարարություններին, իսկ հաջորդող շաբաթներում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատարներ հարցը քննարկեցին հայ և թուրք պաշտոնատարների հետ:
– Վերոնշյալները ցույց են տալիս, որ 44 օրյա պատերազմի ընթացքում և հաջորդած շրջանում ԱՄՆ-ը շարունակել է նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող շրջանները համարել ադրբեջանական, հետեւաբար խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները համարում է երկու երկրների ներկա սահմաններ (ի դեպ, բոլոր առիթներով ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ից ժառանգված սահմանները անվանել է «միջազգային»), աջակցում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, ջատագով է Հայաստան-Թուրքիա բանակցություններին և տարածաշրջանում հաղորդակցուղիների բացման.
Դրանց զուգահեռ, ԱՄՆ-ն իր անհանգստությունն է հայտնել ադրբեջանական կողմի նոր սադրանքների կապակցությամբ և իր դեսպանի Սյունիք կատարած այցերով ուղերձ ուղղել առ այն, որ չնայած պատերազմից հետո գործընթացների վրա իր ազդեցությունը զգալիորեն նվազել է, այնուամենայնիվ նա անտարբեր չէ ավելի լայն ռազմավարական նշանակության գործընթացներին: Իսկ ԼՂ հարցը, ԵԱՀԿ տրամաբանության շրջանակներում, ԱՄՆ-ը համարում է դեռեւս չկարգավորված, թեեւ հիմնականում գործընթացից դուրս մնացած լինելու պատճառով, այդ հարցում մնում է կրավորական:
Այս բոլորի կողքին, անցնող երեք տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է մոտ 2 միլիարդ դոլարի օժանդակություն: Թե այդ կարեւոր գումարի ո՞ր մասն է գնացել ամերիկացի խորհրդատուներին, ո՞ր մասը գրպանվել Հայաստանի պաշտոնյաների կողմից, ո՞ր մասը ծախսվել ոչ էական ծրագրերի վրա և ո՞ր մասը իսկապես ծառայել երկրի և ժողովրդի բարօրության՝ այլ հարց է: Բոլոր դեպքերում, Հայաստանը կարող է միայն շնորհակալ լինել այդ օժանդակության համար:
Բայց երեք տասնամյակների վրա երկարող վերոնշյալ փաստացի տվյալներից հետո ԱՄՆ-Հայաստան դաշնակցային հարաբերությունների անհուսալի և այդ մտքի անհեթեթ լինելը չեն կարող կասկածի տեղիք թողել:
Ու խոսքը չի վերաբերվում 1992-93թթ ազատագրված ու 2020թ վերստին կորցրած Արցախյան տարածքներին ԱՄՆ-ի շնորհիվ վերատիրացման կամ նրա կողմից Սեւրի պայմանագրի ու Վիլսոնյան իրավարար վճռի վերակենդանացման մասին որոշ շրջանակների կողմից տարվող քարոզչության կամ անհիմն ակնկալիքներին: Սեւրի Պայմանագիրն ու Վիլսոնյան վճիռը չպետք է պատմության աղբանոց նետել: Բայց փորձել համոզել, որ Հայաստանի և ընդհանրապես աշխարհաքաղաքական ներկա պայմաններում դրանք կենսունակ են և որ ԱՄՆ-ը հակված է դրանց վերակենդանացմանը՝ առնվազն անգիտակից վնասարարություն է:
Խոսքը վերաբերվում է ԱՄՆ-ի և ներկա սահմաններով Հայաստանի միջեւ ռազմավարական դաշինքի հնարավորության հարցին: Եթե նման դաշինք հնարավոր լիներ, այն կայացած կլիներ անցնող երեք տասնամյակների ընթացքում: Եթե չի կայացել,, որի ցուցիչը վերոնշյալ տվյալներն են, նշանակում է չի կարող կայանալ: Իսկ չի կարող կայանալ, որովհետեւ ա. Հայաստանն ԱՄՆ-ի համար ռազմավարական առաջնային հետաքրքրություն չի ներկայացնում, և բ. չնայած ԱՄՆ-ն ու Թուրքիան արդեն ռազմավարական դաշնակիցներ չեն, բայց Թուրքիան շարունակում է Վաշինգտոնի համար մի քանի ուղղություններով համարվել ռազմավարական կարեւոր և գոնե առայժմ անփոխարինելի գործընկեր, ինչը հակասում է Հայաստանի ռազմավարական շահերին:
Բայց այս ամբողջը չի նշանակում, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը չունեն ընդհանուր շահեր: Այդ շահերը կան և այդ մասին հուշում են նաեւ (բայց ոչ միայն) վերոնշյալ վերջին փաստերից մի քանիսը: Հայաստանի կողմից ճիշտ օգտագործվելու դեպքում դրանք կարող են մեղմել ներկա անբարենպաստ միջավայրը և հավանաբար ապահովել ավելի քան դա: Հայաստանը պարտավոր է օգտվել բոլոր այդ հնարավորություններից: Բայց դրանք աղերս չունեն «դաշնակցային հարաբերության» հետ:
Իսկ եթե բոլոր դեպքերում դաշինքի գաղափարը ցնորք է և անիրականանալի, ի՞նչ կարիք կա այն քննադատելու և մերժելու, փոխանակ լուռ անցնելու դրա վրայով: Որովհետեւ, թեեւ անիրականանալի, այդ գաղափարն ու նրա քարոզչությունը, սին հույսեր ծնելով և ուշադրությունը իրապաշտությունից շեղելով, ավելի են վտանգում Հայաստանի արդեն իսկ խիստ խոցված անվտանգությունը:
Ալեք ԵՆԻԳՈՄՇՅԱՆ
«Միացում» նախաձեռնության հիմնադիր, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ