Հ. Մալյանի անվան թատրոնում կայացավ «Օտարում» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմը ցուցադրվեց Հայաստանում ընդամենը մեկ անգամ՝ առանց կոմերցիոն նպատակի:
«Օտարումը» հայ-գերմանական համատեղ նախագիծ է, սցենարի հեղինակներ եւ ռեժիսորներ Արթուրո Սայանը եւ Յաննա Գաբրիելյանը ոգեշնչվել են Թեննեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսից։
Նախագիծը բաղկացած է երկու փուլից՝ գեղարվեստական ֆիլմ եւ թատերական ներկայացում։ Երաժշտությունն էլ Վահե Հայրապետյանինն է:
Ֆիլմն ունի յուրօրինակ կառուցվածք եւ նկարահանման ոճ, այն հեղինակի՝ Արթուրոյի խոսքով՝ հիմնականում անալոգ է, որը նրա սիրելի ոճերից է: Անալոգային կադրերն օգնում են ֆիլմին համ ու հոտ տալ, ավելի պարզ ու գեղեցիկի ներկայացնել հանդիսատեսին, որպեսզի հանդիսատեսն էլ տեսնի ֆիլմի խորքային հատվածներն ու այն ըմբռնի:
Կարդացեք նաև
«Ստեղծագործության հիմնական գաղափարը հենց ինքը՝ օտարումն է, թե ինչպես է մի ընտանիք օտարանում՝ ապրելով նույն հարկի տակ: Ֆիլմի հերոսի՝ տղամարդու ներսում ինչ-որ բան կոտրվել է ու իր կնոջ հետ կոնտակտի չի գնում, խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ հոգեւոր կոնտակտի մասին է, իսկ կինն ամեն կերպ փորձում է ամուսնուն ու իրենց հոգևոր կապը հետ բերել ֆիզիկական կոնտակտի միջոցով: Կինն անում է ամեն բան, որ, ի վերջո, ամուսինն իրեն լսի, դառնա իր ընկերը, սակայն նրանք, մեկ է, օտար են»,- ասում է Յաննա Գաբրիելյանը:
«Երբ չկա ոչ ֆիզիկական, ոչ հոգեւոր կապ, երբ տղամարդը մի երկրում է, կինը՝ մյուս, մեկի մոտ ցերեկ է, մեկի մոտ՝ գիշեր, տարբեր են նույնիսկ նրանց խոսելու լեզուները, ու նրանք շփվում են միմյանց հետ էկրանի, համացանցի միջոցով՝ սա է մերօրյա վիճակը՝ իրարից հեռվացած: Սա ավելի ցայտուն կերեւա մոնոներկայացման ժամանակ, երբ տղամարդը կնոջ հետ կշփվի «սկայպի» միջոցով»,- ընդգծում է Արթուրո Սայանը:
Ռեժիսորների խոսքով՝ ֆիլմի երաժշտության հեղինակ Վահե Հայրապետյանը այն եզակիներից էր, որը հավատաց իրենց ուժերին, օգնեց ու առաջին իսկ քայլերից միշտ եղավ իրենց կողքին:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ