Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ ասաց, որ հենց խորհրդային սահմաններով պետք է լինի սահմանազատումը». «Առերեսում»

Հունվար 22,2022 23:00

Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու առնչությամբ: «Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ստույգ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում», – խորհրդարանում ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում զորքերի հայելային հետքաշման մասին է, ընդ որում, «հիմք պետք է ընդունել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները»,- նաեւ ասել էր Արարատ Միրզոյանը։

Խորհրդային սահմաններով զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման խնդիրը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում քննարկում են «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը եւ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

 Մի քանի մեջբերումներ նրանք խոսքից

Կարեն Վրթանեսյան. Հաշվի առնելով, որ արդեն իսկ ահռելի տարածքներ ենք կորցրել՝ ադրբեջանական ուժերի մեր տարածք մտնելով, հայելային հետքաշումը, ըստ էության, էլի լինելու է մեր տարածքի՝ ոչ թե իրենց կողմից վերահսկվող տարածքի հաշվին: Հասկանանք, որ այդպիսի լանդշաֆտի պայմաններում ամեն ինչ որոշում են բարձրունքները: Այսինքն՝ եթե դու վերահսկում ես բարձրունքը՝ տեխնիկապես բարձրունքի գլխին ես, բայց այդ բարձրունքից ցածր 1 կմ տարածքն արդեն թշնամին դժվարությամբ կարող է մտնել: Ադրբեջանցիներն ինչ արեցին անցյալ տարվա մայիսին ու դրանից հետո՝ հենց գերիշխող մի քանի կարեւոր բարձրունքների տիրելն էր:

Գառնիկ Դավթյան. Նախկին փորձը մեզ հստակ ցույց է տվել, որ նոր իրավիճակ ստեղծվելու պայմաններում՝ իշխանություններն անընդհատ «ոտքի վրա» են կայացնում թե ռազմական, թե քաղաքական որոշումները: Այսինքն՝ Հայաստանն առերեսվում է ճգնաժամային իրավիճակի հետ, ու նոր որոշում են, թե ինչ մեխանիզմներ կիրառեն…

… Հստակ կա անհասկացողություն Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների կարգավորմանը: Եվ ունեն իրենց ընկալումը, որ եթե, օրինակ, գնան դեպի «խաղաղության դարաշրջանի» բացման՝ միգուցե ադրբեջանցիները մի փոքր բարի գտնվեն ու առաջխաղացում չլինի, կամ գոնե սահմանազատման, սահմանագծման հարցերում կունենան ինչ որ փոխպայմանավորվածություն:

Կարեն Վրթանեսյան. Իրականում այստեղ մի հիմնավոր խնդիր կա, որի մասին չեն խոսում ու, երբ խոսում էլ ես՝ կարծես պատի հետ խոսես, քեզ չեն լսում: Ո՞վ ասաց, որ հենց խորհրդային սահմաններով պետք է լինի սահմանազատումը: Խորհրդային վարչական սահմանները բազմիցս փոխվել են՝ ելնելով, ասենք, երկու հարեւան՝ հայկական եւ ադրբեջանական կոլխոզների հարաբերություններից… Ինչ որ բան էին պայմանավորվում, ու սահմանները փոխում էին…

Օրինակ՝ ԵԱՀԿ-ն 2017 թվականին հրատարակել է «Պետական ​​սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցը՝ բավական մանրամասն: Եվ եթե այդ ուղեցույցով ընդառաջվենք՝ մեզ կհասկանան Եվրոպայում եւ ընդհանրապես՝ միջազգային ասպարեզում… Ռուսաստանի հետ էլ կարելի է գալ համաձայնության, վստահ եմ, եթե այս կողմից ընդհանրապես այդ մասին խոսվի: Բայց չի խոսվում:

Գառնիկ Դավթյան. Նիկոլ Փաշինյանն անընդհատ ընդգծում էր, թե ժամանակին նախկինները բանակցում էին փակ դռների հետեւում ու ժողովրդի թիկունքի հետեւում էին որոշումներ կայացնում: Այս նույն հարցը հիմա կարող եմ տալ իրենց՝ արդյոք իրենք ժողովրդի թիկունքի հետեւո՞ւմ չեն բանակցում այս պարագայում… Հստակ երեւում է, որ իրենց պայմանավորվածությունների հետեւում կան գաղտնի ինչ-որ սկզբունքներ, որոնք չեն հրապարակվում:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31